Այսօր Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի և ամբողջ քաղաքի տոնական լույսերը:
Չնայած Գյումրու սաստիկ ցուրտ եղանակին, կենտրոնական հրապարակը բազմամարդ էր, մանուկներին ու բոլոր ներկաներին ողջունեցին ֆայտոնով քաղաք ժամանած Ձմեռ պապն ու ձյունանուշը:
Գլխավոր տոնածառի լույսերի վառման պատիվը շնորհվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Գյումրու քաղաքապետարանն Ամանորյա միջոցառումների համար հատկացրել է 16 մլն դրամ: Քաղաքի գլխավոր տոնածառի զարդարման համար գրեթե ֆինանսական միջոցներ չեն ծախսվել` այն ամրացվել է հին մետաղյա կմախքի վրա, եղևնու ճյուղերն անվճար են ձեռք բերվել, քաղաքապետարանը փոխհատուցել է միայն տեղափոխման ծախսը: Ճյուղերը կտրվել են Աշոցքի անտառներից` սանիտարական էտման ժամանակ:
“Տոնածառի մասով փոխվել են ճյուղերն ու զարդարանքը: Նոր զարդարանքներ են արվել նաև Ռիժկովի ճեմափողոցում և Սայաթ-Նովա փողոցում, գեղեցկացել է նաև Պարույր Սևակ փողոցը”, – archive2.ankakh.com-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Ամռանը քաղաքապետարանը նոր տոնածառի հիմնակմախքի կառուցման երկու պատվեր է տալու` մեկը Անի, մյուսը` նորակառույց Մուշ թաղամասերի համար:
“Մենք ոչ թե առանձնակի ենք պատրաստվում Ամանորին, այլ փորձում ենք ամեն տարի ավելի լավացնենք: 2012-ին մենք այսպիսի տոնածառ չէինք կարող ունենալ, շատ գեղեցիկ է: Մեզ համար շատ կարևոր է, որ երեխաներն ուրախանան այս տոնածառով: Այս տարի նաև փողոցների զարդարանքներ ներկրեցինք, և դա շարունակական է լինելու, նորից ենք ավելացնելու` ամեն տարի”, – նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Տոնական տրամադրությունը շարունակվեց երգ ու պարով, շքեղ հրավառությամբ:
