Ֆեյսբուքում բավականին ակտիվ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շտապել է խորհրդարանում ծավալված գազի վերաբերյալ համաձայնագրի քննարկումից հետո իր տպավորությունները կիսել ֆեյսբուքի օգտատերերի հետ: Նա գրել է.
“Էներգետիկայի ոլորտի մասնագետ չեմ, մասնագետ չեն նաև այս թեմայով ինքնադրսևորվող որոշ գործիչներ:
Քաղաքական գործիչ եմ, երևի ավելի մեծ հիմնավորումներով, քան այսօր գալա-համերգ տված շատուշատ «ընդդիմախոսներ»:
Շատ լավ հասկանում եմ էներգիտակայի ազդեցությունը քաղաքականության, մասնավորապես՝ տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վրա:
Եվ այսպես:
Հայ իրականության մեջ խորհրդարանը երբեք ավելի «հյուսիսային» ոչ իշխանական ներկայացուցչություն չի ունեցել, քան հինգերորդ գումարմանն է:
Աչքիս դեմն են այն տեսարանները, երբ սույն «պետականասեր սյուզերենները» ամեն պատեհ ու անպատեհ առիթով որսում են ռուսական չինովնիկների ժպիտները, բարևները, ձեռքսեղմումները՝ չխնայելով դրա համար և ոչ մի միջոց (բառիս բոլոր իմաստներով):
Այսօր էլ խորհրդարանում, «ռիսկ չանելով» խոսել Ռուսաստանի, յուր իշխանությունների «գազային դիվանագիտության» դեմ՝ մեր գործընկերները հերթական անգամ կրկնեցին իրենց «հերոսությունը»` քննադատելով մեզ և խոսելով բացառապես ՀՀ Կառավարության դեմ:
Հատկանշական է, որ տարերքի մեջ ընկնելով, այդ «սուրբ» գործի համար ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սատարեց անգամ Վ. Յանուկովիչին` Տիմոշենկոյին բանտարկելու գործում (հիշեցնեմ, որ ողջ Եվրոպան առ այսօր ոտքի է կանգնել այս հարցով):
Ցավում եմ, շատ եմ ցավում, որ ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի` ծակոտիները ավելի շատ են, քան բովանդակությունը”,-գրել է Աշոտյանը:
Tags: Արմեն Աշոտյան