Այսօր թուրքական մամուլում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայում և դրա սահմաններից դուրս բավական մեծ ազդեցություն ունեցող կրոնական գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը ելույթ է ունենում կապված երկրում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ: Գյուլենը, զայրացած երկրում կատարվող զարգացումների պատճառով, հետևյալ անեծքներն է արտասանել. «Գողերին պատժելու փոխարեն նրանք պատժում են նրանց, ովքեր բացահայտում են գողերին: Թող պատժի նրանց Ալլահը: Թող Ալլահը կրակներ թափի նրանց տների վրա»:
Այն բանից հետո, երբ Թուրքիայում ձերբակալվեցին Էրդողանին մոտ կանգնած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ և անվանի գործարարներ, մեծ թվով փորձագետներ և վերլուծաբաններ տեղի ունեցածը որակեցին որպես վարչապետ Էրդողանի և Գյուլենի միջև սկսված ակնհայտ պայքար: Հետաքրքրական է, որ Էրդողանը անպատասխան չթողեց իրեն հասցված հարվածը՝ դիմելով հակաքայլերի: Վարչապետը հետևողականորեն սկսեց մաքրել ոստիկանությունում, դատախազությունում և ֆինանսների նախարարությունում աշխատող Գյուլենի մարդականց:
Tags: կոռուպցիոն սկանդալ, Ֆեթուլլահ Գյուլեն