Ամանորի համար պետք չէ վատնել շատ զրոներով գումարներ. Մարի Խաչատրյան

մարի“Ամանորն իմ ամենասիրելի տոնն է, Ամանորին սպասում ու պատրաստվում եմ արդեն մեկ ամիս առաջ: Նոր տարին կարծես նոր սպասելիքների, նոր անակնկալների տարի է ինձ համար և տոնին պատրաստվում եմ հնարավորինս մանրակրկիտ: Գրեթե ամեն ինչ պետք է թարմացնեմ, դա լինի հագուստ, սանրվածք”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում գալիք տոնի մասին նշեց լրագրող, երիտասարդ դիզայներ Մարի Խաչատրյանը:

Մարին հետևում է նորաձևությանը, ինչն է ավելի նորաձև, որ գույն է լինելու առաջնային դիրքերում, սակայն “զոհ” չի գնում այդ ամենին: Կընտրի այնպիսի իրեր, որն ավելի հաճելի կլինի իրեն, դրանում իրեն կզգա հանգիստ ու հարմարավետ եւ ամենակարեւորը համապատասխան իր կառուցվածքին ու մաշկի գույնին.

“Չնայած 2014 թվականը ինքնավստահ ձիու տարի է և նորաձևությունում գերիշխելու են սևը, սպիտակը, շականակագույնը, կապույտն իր երագներով և այս ամենը հայտնի մոդելավորողներն առաջարկել են մի քանի շաբաթ առաջ, ես իմ զգեստի գույներն ընտրել էի դեռևս 2 ամիս առաջ` սև և կապույտ գույներով: Չգիտեմ սա պատահականություն էր թե ոչ, այնուամենայնիվ երանգերն այս տարվա հաճելի են ու հանգիստ”:

Երիտասարդ աղջիկներին և մայրերին դիզայները խորհուրդ կտա ոչ միայն այս տոնի նախամուտին իրենց հետևեն, այլեւ ողջ տարվա ընթացքում, ցանկալի է չնմանվել միմյանց և չկրել միատիպ, նույն հագուստները: Դա ուղղակի տգեղ է, և այս օրերում գերիշխում է միօրինակությունը: Այս ամենը և նախատոնական պատրաստվածությունն էլ թող չխանգարի, որ մնան խնամված.

“Ցանկացած տոն լավ է անցնում, եթե նախապես պատրաստվել ենք և ծախսել որոշակի գումար: Իսկ ինչ վերաբերում է Ամանորին, այս տոնն ավելի շատ հեքիաթային ու հրաշալիքներով լի տոն է: Դրա համար պետք չէ վատնել շատ զրոներով գումարներ, ինչ է թե ունենանք ցուցադրական, ավանդական, կրկնկվող ուտեստներ, այլ անհրաժեշտ է այս տոնն անցկացնել հաճելի միջավայրում, հարազատների ու սիրելի մարդկանց հետ, առանց ճոխ սեղանների կամ տարեկան մեկ անգամ հանդիպող բարեկամների տուն հյուրընկալելով”

Մարի Խաչատրյանի խոսքով Ամանորը նոր սպասումների, անակնկալների ու հույսերով լի տոն է: Դրա համար նախ մենք պետք է սրտանց ուրախանանք այս օրերին, այլ չչարչարվենք մինչ Ամանորի գիշերը, իսկ հետո հոգնած այս տնից մյուսն այցելենք, արդյունքում դիմավորենք Նոր տարին ավելի քան ուրիշների համար, քան ինքներս մեզ համար:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: