Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

001 (1)Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը խստորեն հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել մայթերի և բակային տարածքների, ինչպես նաև աստիճանահարթակների մաքրման աշխատանքների ընթացքը: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:

«Կատարված աշխատանքները դեռևս բավարար չեն: Դեռ բավական անելիքներ կան հատկապես բակային տարածքների, մայթերի և աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Անշուշտ, խիստ ցածր ջերմաստիճանի պայմաններում ստեղծվում են լրացուցիչ դժվարություններ և խոչընդներ, սակայն պետք է շարունակել ամենօրյա աշխատանքն ու մեր քաղաքացիների համար ապահովել համապատասխան պայմաններ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հանձնարարել է տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում, ձնամաքրման համապատասխան աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով, նախապատարաստել անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ և համայնքային ենթակայության ձեռնարկությունների մեքենասարքավորումներին զուգահեռ, այդ աշխատանքներում ներգրավել նաև շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան:

Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ավտոճանապարհների շինարարության երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրել և դրանից հետո միայն վերջնականապես ներկայացնել փաթեթը:

Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2013 թվականի ընթացքում սիրիահայ հարյուրավոր ընտանիքների, ըստ անհրաժեշտության, ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ սոցիալական և առողջապահական: Սիրիահայերն ակտիվորեն ներգրաված են եղել նաև կրթական-մշակութային տարբեր ծրագրերում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: