Տասնյակ հազարավոր հակակառավարական ցուցարարներ դուրս են եկել Բանգկոկի փողոցներ

thailand-protestsԿիրակի օրը Թաիլանդի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր ցուցարարներ շրջապատել են վարչապետ Յինգլակ Չինավատայի բնակարանը՝ պահանջելով նրա հրաժարականը:

Թաիլանդի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը CNN-ին հայտնել է, որ 90,000 ցուցարարներ են հավաքված եղել, իսկ ավելի ուշ կեսօրին նրանց թիվը հասել է 150,000-ի:

Նա ավելի շուտ տեղեկացրել էր, որ վարչապետի տունը շրջապատել են 10,000 ցուցարարներ:

Լարվածությունը մեղմելու համար  Չինավատան այս ամսվա սկզբին արձակել էր երկրի խորհրդարանը և նոր ընտրությունների օր նշանակել փետրվարի 2-ը:

Սակայն այս քայլը քիչ ազդեցություն էր ունեցել ցուցարարների վրա, որոնք հազարներով շարունակում էին մնալ փողոցներում:

Երկրի հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հայտրարել էր, որ իրենք կբոյկոտեն առաջիկա ընտրությունները:

Շաբաթներ շարունակվող ցույցերի ընթացքում ցուցարարները գրավել են տարբեր կառավարական գրասենյակներ: Չնայած բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ բնույթ են կրում,  այնուամենայնիվ ցուցարարների և կառավարության աջակիցների միջև տեղի են ունեցել նաև մահվան ելքով բախումներ:

 

Անկախ

Tags: