«Հանցավոր ի՞նչ արարք կատարելու համար է մեղադրվում իմ ամուսինը». բաց նամակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

ՀՀ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

ՍՈՒՍԱՆՆԱ  ԲԱՐԴԻԿԻ ԱՍՏԱՐՅԱՆԻՑ

  Ք. ԵՐԵՎԱՆ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱ 17  ՇԵՆՔ,  ԲՆԱԿԱՐԱՆ  6-7

ԲԱՑ ՆԱՄԱԿ

բաց նամակՄեծարգո պետական այրեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ ամիսներ շարունակ դիմում եմ Ձեր օգնությանը` ակնկալելով պատասխան առաջին հայացքից պարզունակ թվացող հարցին` հանցավոր ինչ արարք կատարելու համար է մեղադրվում իմ ամուսին Մարտին Ծերունյանը, ինչի համար է ՀՀ Ոստիկանության  գլխավոր քննչական վարչության ՀԿԳ քննիչ Մկրտչյանը նրան մեղադրանք առաջադրել, որոնք են նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցները, որոնց համակցությունը հիմք է հանդիսացել նրան գործով մեղադրյալ ներգրավելու համար, դատական ատյաններում փաստական ինչ հանգամանքներ են հետազոտվում, որոնք հիմնավորում են Մ. Ծերունյանի առնչակցությունը որևէ հանցագործության հետ և ինչով է պատճառաբանվում նրան կալանքի տակ պահելու հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը:

Այս հարցերի պատասխանները չգիտեմ ոչ միայն ես այլ նաև իմ ամուսինը` գործով մեղադրյալ Մ Ծերունյանը և նրա պաշտպան Սամվել Ջաղինյանը:

Խնդրում են գոնե մի անգամ կարդացեք Մ. Ծերունյանի վերաբերյալ դատավարական փաստաթղթերը որոնցում այլ անձանց կողմից կատարված գործողությունների շարադրանքից հետո պատճառաբանվում է, որ Մ Ծերունյանին պետք է մեղադրանք առաջադրել, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը և արդեն յոթ ամսից ավել պահել անազատության մեջ:

Մեծարգո պարոն նախագահ ևս մեկ անգամ դիմելով Ձեզ` հայցում եմ Ձեր  հանձնարարականը համապատասխան կառույցներին` ՀՀ Ոստիկանության  գլխավոր քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով Մ. Ծերունյանի նկատմամբ                    անօրինություններին վերջ տալու ուղությամբ:

Հարգելի ՀՀ գլխավոր դատախազ և ՀՀ ոստիկանապետ, խնդրում եմ անձամբ ծանոթանալ Մ. Ծերունյանին առաջադրված մեղադրանքին և դրա հիմնավորվածությանը, ձեր լիազորությունների ուժով հանձնարարել ապահովել նախաքննության օրինականության պահպանումը և դադարեցնել Մ. Ծերունյանի  նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը:

Մարդու իրավունքների պաշտպանին խնդրում եմ ձեռնարկել միջոցներ ՀՀ քաղաքացի Մ. Ծերունյանի խաթարված իրավուքների վերակագնման և իմ դիմումների գրավոր պատասխանների ստացման ուղությամբ:

Իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին խնդրում եմ իմ ամուսնու` Մարտին Ծերունյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները դարձնել քննարկման առարկա և ապահովել դրա մատչելիությունը հասարակության համար, քանի որ նույն հաջողությամբ այդ ամենի զոհ կարող է դառնալ ցանկացած անձ: Հավաստիացնում եմ, որ իմ ամուսնու վերաբերյալ կազմված դատաիրավական փաստաթղթերում նրա անձնական տվյալների փոխարեն ցանկացած այլ անձի տվյալներ զետեղելու դեպքում դրանք նույնքան պատճառաբանված և հիմնավորված կլինեն, որքան որ Մ. Ծերունյանի դեպքում է:

Դիմող`                 Սուսանն Ասատրայն

Անկախ

Tags: ,