Հայոց բանակի ստեղծման առաջին քայլերը,տեսանյութ

հայոց բանակ

1991թ. մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե:
Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրած  այդ թիվ 325 որոշմամբ` Նախարարների խորհրդին առընթեր Զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն կազմավորվեց որպես Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե:
Երբ Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն ստեղծվեց, Հայաստանի Հանրապետությունը դեռևս Սովետական Միության կազմում էր: Կոմիտեն ստեղծվեց «Կոլցո» գործողությունը սկսվելուց չորս օր անց:  Մոսկվայի ձեռնարկած «Կոլցո» գործողությունը Սովետական բանակի պատմության մեջ նրա մղած վերջին  ներքին պատերազմն էր: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններում ու Հայաստանի սահմաններին խորհրդային բանակի ու ադրբեջանական միլիցիայի զինված ջոկատների դեմ կռվի դուրս եկան տեղացիները, նրանց օգնության մեկնած կամավորները:
Դեռ 1990 թ.սեպտեմբերի վերջին, Մոսկվային հավատացնելով, թե իբր հասարակական կարգը պահպանելու համար, Նախարարների խորհուրդը հիմնել էր հայկական կանոնավոր բանակը սկզբնավորելիք առաջին գունդը` ներքին գործերի նախարարությանն առընթեր Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ գունդը: Ներքին գործերի նախարարը Կառլոս Պետրոսյանն էր: 1990 թ. հոկտեմբերի 5-ին գունդն իր առաջին երդումը տվեց Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: (Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանն  իր ողջույնի խոսքն ուղղեց գնդի մարտիկներին:)
ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թ.: Սովետական Միության պաշտոնական լուծարումից մեկ ամիս անց` 1992 թ. հունվարի 28-ին, կառավարության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու որոշմամբ, կոմիտեն լուծարվեց:

 

 

 

ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
«Հուզումնալից է այս պահը: Մենք ճանաչում ենք միմյանց: Շատերիդ հետ ենք հանդիպել ևʹ Կոռնիձորում, ևʹ Մանաշիդում, Երասխավանի ճակատամարտի ժամանակ: Փոխվել են ժամանակները: Մենք ըմբոստ ուժ էինք, որ ուզում էինք պաշտպանել մեր ժողովրդին, և մեր պայքարը գնում էր ոչ միայն արտաքին թշնամու դեմ, այլ նաև ներքին: Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Մենք ստիպված ենք հաշվի առնել տարբեր հանգամանքներ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական անկախության, տնտեսական անկախության: Շատ մարդիկ, որոնք նախորդ շրջանում բուռն գործունեություն էին ծավալում, ցավոք սրտի, այսօրվա պայմաններում չեն  կարողանում գտնել իրենց տեղը կյանքում: Դուք գտաք այդ տեղը` ձեր վրա վերցնելով մի շատ ծանր և հերոսական պարտականություն` ծառայել ժողովրդին, ծառայել նվիրվելով: Ես ողջունում եմ և կուզենայի ձեզ ներշնչել այդ բարձր ոգին, երազանքի ոգին: Երազանքի, որ մենք նորից պիտի դառնանք մի հզոր ազգ` արժանի մեր պապերին: Մենք դեռ շատ բան ունենք տալու աշխարհին, և սա մեր առաջին քայլերից մեկն է, որ մեզ տանում է այդ ուղղությամբ: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը:Ողջույն ձեզ»:
«Հայք», թիվ 34, 9 հոկտեմբերի, 1990 թ.
Վազգեն Մանուկյանը հետագայում` պատերազմի տարիներին` 1992 թ. սեպտեմբերից մինչև  1993 թ. օգոստոսը, Հայաստանի պաշտպանության նախարարն էր:

Անկախ

Tags: ,