Ադրբեջանի քաղաքական նորարաությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում Վրաստանի համար: Ահմեդօղլուն նշել է, որ հայերը հավակնություններ ունեն «վրացական հողերի» նկատմամբ՝ համարելով, որ հայաբնակ Ջավախքը հայկական հող է: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»:
Ադրբեջանցի քաղաքագետի խոսքերով՝ այս տարածքներում պաշտոնական Երևանի վարած քաղաքականությունը հայկական խորամանկություն է: Ահմեդօղլուն գտնում է, որ պաշտոնական Երևանը Վրաստանին բացահայտ հողային պահանջներ չներկայացնելով հանդերձ, այնուամենայնիվ հասարակական կազմակերպությունների մակարդակով Ջավախքում վարում է անջատողական քաղաքականություն: «ԽՍՀՄ-ի անկման ժամանակ հայերը սկզբում վատացրին դրությունը Ջավախքում, ապա, հաշվի առնելով քրիստոնեական գործոնը, հանգիստ թողեցին Վրաստանին՝ հայացք ուղղելով ադրբեջանական հողերի կողմ: Այն հանգամանքը, որ Վրաստանում գտնվող եկեղեցիները հայերը իրենցն են համարում, ևս ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ պահանջներ ունի համաշխարհային հայությունը Վրաստանի նկատմամբ»,-նշել է Ահմեդօղլուն:
