Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել եզդիների ՀԿ-ների դիմումն՝ ընդդեմ Մանվել Բադեյանի

մանվել բադեյանՀՀ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վարույթ է ընդունել «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացել է  «Փաստինֆո»-ն, որոշումը կայացվել է հանձնաժողովի` այսօրվա դռնփակ նիստում, իսկ գործով զեկուցող է նշանակվել հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը։
Նշենք, որ դիմումներն էթիկայի հանձնաժողովն ստացել է դեկտեմբերի 13-ին, որից օրեր առաջ՝ դեկտեմբերի 11-ին, «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին ընդունել էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դատապարտելով հանրապետական պատգամավորի կողմից հնչեցված արտահայտությունը։  Եզդիների համայնքին բանավոր ներողությունները չեն գոհացրել եւ նրանք պահանջում են ձեռնարկել պատասխանատվության միջոցներ՝ իրենց ազգի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ թույլ տված պատգամավորի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի միջանցքում հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ  լրագրողներից մեկի հարցի, հունից դուրս է եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:
Այս արտահայտությունը վիրավորել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։
Այս միջադեպից կարճ ժամանակ անց եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Նրանք պատգամավորի համար զուգարանի թուղթ էին բերել, ինչպես նաեւ՝ թղթի վրա նկարված էշ:
«Նա մի ամբողջ ազգի որակում է տվել, որը հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին: Մենք պարոն Բադեյանի համար բերել ենք ավանակ մեր ձեռքով նկարած, ինչպես նաև զուգարանի թուղթ, որովհետև պարոն Բադեյանը չի խոսում, այլ գործողություն է անում, իսկ այդ գործողության դեպքում պետք է գալիս զուգարանի թուղթ»,- նշել էին երիտասարդները:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Tags: , ,