Ամանորն արդեն մոտենում է, և ժամանակն է մտածելու, թե որտեղ անցկացնել ամանորյա տոներն ու երկար սպասված արձակուրդը՝ դրանք դարձնելով հաճելի ու հիշարժան: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի այն քաղաքների և հյուրանոցների ցանկը, որոնք լավագույն պայմաններն են առաջարկում տոներն անմոռանալի դարձնելու համար: Կախված նախասիրություններից ու հնարավորություններից՝ կարելի է ընտրել ներկայացված տարբերակներից որևէ մեկը:
Ամենաաղմկոտ Ամանորը Porto Bay Rio Internacional հյուրանոցում, Ռիո Դե Ժանեյրո, Բրազիլիա
Ամենաաղմկոտ և ուրախ Ամանորն անցնում է Բրազիլիայում:Աշխարհի ամենագեղեցիկ 4 կիլոմետրանոց Կոպակաբանա ծովափին կազմակերպվում է հսկայական դիսկոտեկ մի քանի միլիոն մարդու համար: Porto Bay Rio հյուրանոցը գտնվում է շատ մոտ ծովափին, և, կանգ առնելով այնտեղ, հնարավոր է մասնակցել Ամանորի գիշերվա համընդհանուր «գժությանը»: Այստեղ մեկ գիշերվա համար մեկ սենյակն արժե 200 եվրո, որը պետք է նախապես պատվիրել, քանի որ Ամանորին Բրազիլիան և հենց այս հյուրանոցը նախընտրողները բավական շատ են:
Ամանորը ծովափին Titanic Beach SPA& Aqua Park հյուրանոցում, Հուրգադա, Եգիպտոս
Այստեղ Նոր Տարին դիմավորում են կապույտ երկնքի տակ ու տաք արևի ներքո, իրենց հանգիստը վայելում Եգիպտոսի ամենամեծ ջրաշխարհներից մեկում: Բացի այդ, Titanic Beach-ի ամանորյա ծրագիրը միշտ տպավորիչ և վառ է լինում: Ուշագրավ է նաև, որ Եգիպտոսի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում նման հանգիստ անցկացնելը այնքան էլ թանկ չէ:
Արքայավայել Ամանոր Luna Hotel Baglioni հյուրանոցում, Վենետիկ, Իտալիա
Անտիկ իտալական մշակույթի, թագավորական պալատների ու դասական շքեղության սիրահարների համար Վենետիկը լավագույն ընտրությունն է: Այստեղ Ամանորի գիշերն անցնում է պարահանդեսային շքեղ դահլիճում, որտեղ պահպանված է նախորդ հարյուրամյակների ինտերիերը, իսկ պատերը նկարազարդ են միջնադարյան իտալական մշակույթի տարրերով: Այստեղ հյուրերի համար հրավիրվում են երաժիշտներ և կազմակերպվում են պարեր: Իսկ հունվարի 1-ին բոլորին սպասում են ավանդական բրանչի (տոնական ճաշ, որը մատուցվում է առավոտյան 11.00-ից մինչև ժամը 16.00 ): Դեկտեմբերի 29-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում այս հյուրանոցի երկու տեղանոց համարը մեկ գիշերվա համար արժե 860 եվրո:
Ամանորը Augill Castle դղյակում, Կամբրիա, Մեծ Բրիտանիա
Մանկության տարիներին արդյոք չեք երազել գոնե մի քանի օրով ապրել արքայական դղյակում: Այդ երազանքը կարող է իրականություն դառնալ Նոր Տարվա նախաշեմին Augill Castle հյուրանոց-դղյակում: Այստեղ ծննդյան տոներն անցնում են կախարդական, ինչպես ֆիլմերում է: Գեղեցիկ ծառուղով շքեղ դղյակում դուք կարող եք դիմավորել Ամանորը հանգիստ, խաղաղ ու անաղմուկ միջավայրում, առանց հրավառությունների ու բարձր երաժշտության, ինչպես սեփական տանը: Դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ն այս հյուրանոցում առաջարկվում է ամրագրել երկտեղանոց սենյակ երկու գիշերվա համար 514 եվրոյով: Այս գումարով դուք կարող եք օգտվել «ամեն ինչ մեկում» (all inclusive) համակարգից՝ նախաճաշ, ճաշ, կոկտեյլներ, ընթրիք և բարձրորակ շամպայն ամանորյա գիշերը: Մինչև 12 տարեկան երեխան կարող է ձեզ հետ մնալ նույն սենյակում անվճար:
Ամանորը գուրմանների համար Hotel Amigo հյուրանոցում, Բրյուսել, Բելգիա
Նվիրեք ձեզ անմոռանալի Ամանոր՝ ճամփորդելով յուրատեսակ ու նրբահամ խորտիկների երկիր: Կզարմանաք, բայց Բրյուսելի ռեստորանները կարող են ձեզ առաջարկել շատ ավելի հետաքրքիր ճաշատեսակներ, քան Ֆրանսիայում: Եթե որոշեք մեկնել Բրյուսել, կարելի է ընտրել Hotel Amigo հյուրանոցը, որը բավական մոտ է տեղակայված քաղաքի կենտրոնին: Այստեց կարող եք զբոսնել քաղաքի տոնական փողոցներով, որտեղ կան բազմաթիվ խանութներ ու սրճարաններ: Հենց այս հյուրանոցում է տեղակայված քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը՝ Bocconi–ին: Amigo-ում վճարված գումարի դիմաց բարձրակարգ ծառայությունների մատուցումը երաշխավորված է: Դեկտեմբերի 17-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում երկօրյա բնակությունն այստեղ կարժենա 460 եվրո: Նշենք, որ այս հյուրանոցում մինչև 12 տարեկան երեխաները մնում և սնվում են անվճար, իսկ մինչև 16 տարեկանները՝ կես գնով:
Շքեղ Ամանոր Mandarin Oriental–ում, Պրահա, Չեխիա
Արևելյան շքեղությունը վայելելու համար ամենևին էլ պարտադիր չէ մեկնել արևելյան երկրներ, քանզի Պրահայի Mandarin Oriental հյուրանոցային համալիրը կապահովի ձեզ արևելյան հանգիստ: Այն կառուցված է Վլտավա գետի ափին՝ ոչ հեռու Պրաժական ամրոցից: Եթե դուք Նոր տարվա համար ընտրեք հենց այս հյուրանոցը, ապա ձեր հանգիստը կանցնի հիանալի պայմաններում: Դուք հնարավորություն կունենաք զմայլվելու անմոռանալի հրավառությունով, որը, սովորաբար, տեղի է ունենում ամանորյա գիշերը՝ ամրոցի շուրջ: Տոն օրերին նախընտրելի է այցելել Սուրբ Ծննդյան շուկաններ, որոնք չեխական մայրաքաղաքում գործում են մինչև հունվարի 1-ը: Այս հյուրանոցում երկտեղանոց համարի գինը մեկ գիշերվա համար սկսում է 300 եվրոյից:
Լեռնագնացներն Ամանորին ընտրում են Kempinski Grand Hotel des Bains հյուրանոցը, Սանտ-Մորիս, Շվեյցարիա
Սանտ-Մորիսի լուսավորված ճանապարհները, շքեղ ռեստորաններն ու կազինոները, բարձրակարգ հյուրանոցները գրավում են աշխարհի ամենահարուստ և հանրահայտ մարդկանց: Եթե ցանկանում եք անցկացնել Ամանորը նրանց հետ միասին, Kempinski Grand Hotel des Bains–ը ձեզ է սպասում: Այստեղ ապրելու նվազագույն տևողությունը տոների ընթացքում 10 օր է: Այս հյուրանոցի երկտեղանոց սենյակի համար պատրաստ եղեք վճարելու 12 հազար եվրո: Փոխարենը կստանաք հնարավորություն պարբերաբար այցելել հսկայական ջերմային համալիր և զբաղվել դահուկավազքով աշխարհի ամենահայտնի մարդկանց ընկերակցությամբ:
Ամանորը էսթետների համար The Glass House հյուրանոցում, Էդինբուրգ, Շոտլանդիա
Էդինբուրգի շքեղ հյուրանոցը զբոսաշրջիկներին գրավում է իր յուրատեսակ դիզայներական լուծումներով և դեպի քաղաք բացվող հիասքանչ տեսարանով, այսինքն այստեղ կա այն ամենը, ինչ կուրախացնի ու կգոհացնի էսթետներին: Ավելին, կարելի է ամանորյա գիշերը բարձրանալ հյուրանոցի տանիքում տեղավորված այգի և վայելել տոնական հիանալի հրավառություն: Այս հյուրանոցն առանձնանում է գնի և որակի շահավետ համադրությամբ: Էդինբուրգի հյուրանոցում երկու գիշերվա համար՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ը, երկտեղանոց սենյակը կարժենա 345 եվրո: Ամանորի գիշերը յուրաքանչյուր հյուրին մեկ շիշ շամպայն է մատուցվում:
Էկզոտիկ Ամանոր Banyan Tree հյուրանոցում, Թաիլանդ, Բանգկոկ
Չնայած բուդդիստները Նոր տարին տոնում են այլ ժամանակահատվածում, Թաիլանդում քիչ չեն այնպիսիք, որոնք Ամանորը նշում են եվրոպական ժամանակացույցով: Տոների ժամանակ Բանգկոկի փողոցները լի են ուրախ և աղմկոտ պարախմբերով, լույսերով ու հրավառություններով: Էկզոտիկ հանգստի սիրահարներին առաջարկվում է Banyan Tree հյուրանոցը: Այստեղ կարելի է հանգիստն անցկացնել ընտանիքի հետ միասին: Հյուրերը Նոր տարին դիմավորում են հյուրանոցի 61-րդ հարկում, որտեղ տոնական ընթրիք է մատուցվում:
Հարմարավետ Ամանոր Le Meridien Mina Seyahi հյուրանոցում, Դուբայ, ԱՄԷ
Եվս մի հնարավորություն Ամանորը շքեղության մեջ դիմավորելու համար: Բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն վաղուց են խոստովանել, որ Դուբայը և ընդհանրապես էմիրությունները վերջին ժամանակներում դարձել են աշխարհի շքեղության կենտրոնը: Դուբայը նախընտրած զբոսաշրջիկներին սպասվում է հետաքրքիր ամանորյա շոու ծրագիր Le Meridien Seyahi հյուրանոցում: Ամանորյա գիշերը ձեզ սպասվում են թատերականացված բեմականացումներ, զբոսանք առագաստանավով, շքեղ ճաշկերույթ Դուբայի վերնախավի հետ միասին:
Ահա աշխարհի ամենագեղեցիկ այն քաղաքները, որոնք առաջարկում են Ամանորը տոնել իրենց երկրի բարձրակարգ հյուրանոցներում: Թե որտեղ կդիմավորեք տարեմուտն այս անգամ, որոշեք ինքներդ: Սակայն մի մոռացեք, որ կարևորն ոչ թե շքեղությունն ու ճոխությունն է, այլ համերաշխ ընտանիքը, ընկերական ջերմ միջավայրն ու տոնական տրամադրությունը, որը հնարավոր չէ գնել ոչ մի գումարով:
Ամանորյա լավագույն մաղթանքներով՝
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Tags: Ամանոր, լավագույն 10 երկրներ, հյուրանոցներ