Այսօր Գյումրիում պաշտոնապես փակվեց “Գյումրի 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագիրը, արարողություն, որը կարծես մի քանի անգամ է կատարվում: Այդ նպատակով կրկին անգամ Գյումրիում էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Տեղի ունեցավ նաև պարգտևատրման արարողությունը:
“Կամա թե ակամա հայտնվեցինք մի տեսակ պարտավորված վիճակում, և ապագայում էլ մենք չենք կարող դուրս գալ այս մշակութային կարգավիճակից: Այսինքն, եղածի ուժն այնքան զորեղ է, որ բոլորին առաջ կմղի ու պահանջ կդառնա շատ միջոցառումներ դարձնել ավանդական”, – իր ելույթում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Իսկ ահա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դարձյալ կրկնեց, որ այսքանով չի ավարտվում մշակութային մայրաքաղաքը. “Այս տարվա ընթացքում ես բազմաթիվ անգամներ եղա Գյումրիում և երբ գալիս էի, գալիս էի ոչ թե պարտավորված, ինչ-որ մի բան կատարելու, այլ այնպես, ինչպես քո աշխատանքի տեղում ամփոփում ես տարին` մտերիմների հետ: Այսօր, փակում բառը չեմ սիրում օգտագործել, ընդամենը դնում ենք միջակետ, այն բոլոր ապագա գործողությունների առջև, որոնց ականատեսը մենք մոտ ապագայում կդառնանք: Գյումրին շարունակելու է կրել մշակութային մայրաքաղաքի տիտղոսը”:
Պաշտոնյաների ելույթներին հաջորդում էր նաև մշակութային մայրաքաղաքի անցկացմանն աջակցած բոլոր անհատներն ու կազմակերպությունների ղեկավարների պարգևատրումները: Շիրակի մարզպետարանի հուշամեդալով պարգևատրվեցին Հասմիկ Պողոսյանն ու Սամվել Բալասանյանը: Եղան նաև փոխադարձ պարգևատրումներ, իսկ քաղաքապետը մեկ առ մեկ պարգևատրեց նաև հասարակ աշխատակիցների` բանվորների, վարորդների, որոնց շնորհիվ ամբողջ տոնական տարվա ընթացքում ապահովվել էր Գյումրու մաքրությունը:
“Այսօր ևս մեկ տոն է Գյումրիում: Քանի որ ծրագիրն ամփոփելու պատիվն ինփ է վստահվել` առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնենք մեր համաքաղաքացիներին, որ կարողացան այդքան ակտիվ մասնակցել մշակութային մայրաքաղաք ծրագրին: …Ես համոզված եմ, որ Գյումրին միշտ եղել է մշակութային մայրաքաղաք ու մնալու է: Երբ դեկտեմբերի 2-ին Գյումրի ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նույնպես հնարավորություն տվեց Գյումրի քաղաքի անունը բարձրացնելու աշխարհում”, – ասաց Սամվել Բալասանյանը և խոստացավ, այն միջոցառումները, որոնք մեծ արձագանք գտան և ինքնին շատ գեղեցիկ էին, կիրականացվեն նաև հաջորդ` 2014 թվականում:
