Հասմիկ Պողոսյանը լավ էլ ուզում է տեղափոխվել Գյումրի

հասմիկ պողոսյանԵրեկ Գյումրիում գտնվող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից լրագրողները փորձեցին հստակ իմանալ` ի վերջո մշակույթի նախարարությունը կտեղափոխվի Գյումրի, թե ոչ: նախարարը նշեց, թե հարցը քննարկման փուլում է և հեշտ խնդիր չէ. “Կան տարբեր խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան կամ ոչ: Երբ պատրաստ լինենք վերջնական դիրքորոշում հայտնելու` անպայման տեղյակ կպահվի. դա մեծ խնդիր չէ, որ մենք գաղտնի պահենք”:

Անդրադառնալով պատգամավոր Կարինե Աճեմյանի այն հայտարարությանը, թե մշակույթի նախարարությունը պետք է քաղաքում լինի և պետք չէ այն Գյումրի տանել, Հասմիկ Պողոսյանը նշեց. “Ես ենթադրում եմ, որ ինքն ուզեցել է ասել` մայրաքաղաքում պետք է լինի: Կան կարծիքներ, որ մշակույթի նախարարությունը պետք է լինի մայրաքաղաքում, ոչ միայն Կարինե Աճեմյանը, այլև շատ մարդիկ այդ կարծիքին են: Ես չեմ կարծում, որ այստեղ խոսքը գնում է Գյումրին քաղաք կամ ոչ քաղաք լինելու մասին, վստահ եմ, որ նա այդ մտքով չի ասել”:
Իսկ, եթե այնուամենանիվ, կառավարության որոշումը լինի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին, ապա նախարարը կհամաձայնի աշխատել այստեղ, քանի որ վերջրս խոսք գնաց, թե Հասմիկ Պողոսյանը չի ուզում տեղափոխվել Գյումրի, գյումրեցի լրագրողների հարցին ի պատասխան նախարարն ասել է. “Այդ խոսակցություններին ես մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ: Եթե որոշում կայացվեց, ես պետք է ենթարկվեմ և կատարեմ այդ որոշումը, որևէ խնդիր ես չեմ տեսնում: Որևէ տեղ ես որևէ այլ կարծիք երբեք չեմ հայտնել: Իսկ ով ասել է, որ ես նման բան եմ ասել, դա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում:”

Անկախ

Tags: ,