Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Վրաստանի շրջանների գազաֆիկացումը կապահովի մինչև 2017թ.: Այդ գործընթացը կշարունակվի Վրաստանի կառավարության և ընկերության միջև դեկտեմբերի 24-ին ստորագրված հուշագրի շրջանակում, հաղորդում է Կոնտակտ կայքը:
Նոր հուշագրի շրջանակում ընկերությունը մինչև 2017թ. Վրաստանում կգազաֆիկացնի ևս 100 հազար տնային տնտեսություններ: Բացի այդ մշակվել է 2014թ. գազաֆիկացման ծրագիրը:
«Մենք վայելում ենք Վրաստանի կառավարության աջակցությունը և մտադիր ենք իրականացնել մեր ստանձնած բոլոր պարտավորությունները ու գոհ ենք ներկայիս համագործակցությունից», – ասել է ընկերության տնօրեն Ռովնագ Աբդուլաևը:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ սա չափազանց կարևոր է Վրաստանի համար: «Այս ճանապարհին մեզ աջակցում է նաև եղբայրական Ադրբեջանը», -ասել է նախարարը:
«SOCAR-ն առաջիկա տարիներին Վրաստանում կարբամինային գործարան կկառուցի, և այս նախագծի համար ներդրվող շուրջ 1 մլրդ դոլարը հնարավորություն կտա աշխատանքով ապահովել շուրջ 5 հազար մարդու»,-ասել է վրացի պաշտոնյան:
Tags: ադրբեջան, Վրաստան