Հաղորդակցվում են բանավեճի արվեստի հմտություններին

DSC_1906Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Հայտնիր քո կարծիքը» երիտասարդական դպրոցի շրջանակներում կազմակերպված «Բանավեճի հիմունքներ» երկամսյա դասընթացի եզրափակիչ արարողությունը: Դպրոցին մասնակցելու հայտ էր ներկայացրել մոտ 70 երիտասարդ, որոնցից ընտրվել էին 35-ը, ովքեր էլ ստացան հավաստագրեր:

Շուրջ մեկ ամիս տևողությամբ դպրոցի մասնակիցները հաղորդակցվեցին բանավեճի արվեստի հմտություններին՝ ուսումնասիրելով «Բանավեճերի տիպաբանություն», «Թիմային աշխատանք», «Աշխատանք սկզբնաղբյուրների հետ», «Հռետորություն», «Փաստարկման տեսություն», «Կիրառական հոգեբանություն» և հարակից այլ թեմաներ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ մասնակիցների պարգևատրման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։ Նա կարևորեց ցանկացած նախաձեռնություն, որի շուրջ տեղի է ունենում երիտասարդական համախմբում։ Հիմնադրամի համակարգողի հետ դպրոցի մասնակիցներն ունեցան անկեղծ երկխոսություն: Կարեն Ավագյանը մասնակիցների հետ քննարկեց դպրոցի հետագա հեռանկարները, ծրագրի շարունակական դառնալու ուղիները։ Երիտասարդները ներկայացրին մասնակցության իրենց մոտիվները և դպրոցից ստացած արդյունքները:

Երիտասարդական դպրոցի ղեկավար Լևոն Նազարյանը նշեց, որ դպրոցի մասնակիցները ցուցաբերել են նոր նախաձեռնություն և որոշել են այսուհետև դպրոցի մասնակցից վերածվել դպրոցի գաղափարների տարածողների և հրավիրել հաջորդ մեկնարկի մասնակիցներին, որով էլ «Հայտնիր քո կարծիքը» դպրոցը կտարբերվի երիտասարդական դաշտում գործող այլ ծրագրերից:

Նշենք, որ «Հայտնիր քո կարծիքը» երիտասարդական դպրոցը կազմակերպվել է «ՄԵՆՔ- երիտասարդ նորարարների կենտրոն» հասարակական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։