Ղարաբաղյան պատերազմի մի խումբ ադրբեջանցի վետերաններ դեկտեմբերի 26-ին բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ 42-ամյա Զաուր Հասանովի, ով դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի արհմիությունների շենքի դիմաց, ինքնահրկիզման փորձ էր կատարել, հաղորդում է ադրբեջանական Կոնտակտ կայքը:
Հասանովը այդ քայլին դիմել էր, քանի որ իրենից խլել էին իր ընտանիքի համար եկամտի միակ աղբյուր համարվող սրճարանը: Ցույցի մասնակիցներին թույլ չեն տվել հանդիպել Հասանովի հետ, ում վիճակը շարունակում է ծանր մնալ:
Ակցիայի մասնակիցները մտադիր են պահանջել Ադրբեջանի արհմիությունների ղեկավարի ներողությունը, վերացնել անարդարությունը: Բաքվի ոստիկանությունից տեղեկացրել են, որ չարտոնված բոլոր միջոցառումները կկանխվեն:
Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Մի այրեք վետերաններին» խորագրով խումբ, որով տեղեկացրել են դեկտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով 15:00-ին, Հասանովի իրավունքների խախտման դեմ բողոքի ակցիա անցկացնելու մասին:
Tags: ադրբեջան