Մարզպետը նախատեց պաշտոնյաներին

 Ֆելիքս ՑոլակյանՇիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ամփոփելով 2013 թվականը մատնանշում է, որ մարզի թիվ մեկ խնդիրը եղել և մնում է բավական վատ վիճակում գտնվող սոցիալական ոլորտը: “Մեր ցավոտ տեղն է սոցիալական ոլորտը: Գտնվում ենք ամենաաղքատ մարզում, ու դա իրականում այդպես է: Եվ հաշմանդամների թվաքանակով, և այս կարգի այլ հարցերով մենք առաջին տեղում ենք: Բնական է այդ վիճակը, որովհետև տեսել ենք աղետ, երկրաշարժ և դրանից հետո չենք կարողացել ուղղվել: Բայց կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել հավասարությամբ, մարդկային վերաբերմունքով: Ես ամեն օր աշխատանքի եմ գալիս, միջանցքում քաղաքացի է կանգնած, բարևում անցնում եմ: Ի՞նչ կարիք կա մարդուն քաշքշել, այս ու այն կողմ տանել, որ ես անցնեմ: Այսպիսի բաներ կան նաև ձեր կաբինետներում”, – մարզպետարանի վարչությունների աշխատակիցներին ու համայնքների ղեկավարներին ասում է մարզպետը, ապա իր կյանքից բերում մի օրինակ, երբ պաշտոնյայի անտարբերությունը մարդկանց հիվանդության պատճառ է դառնում: – “Շրջաններից մեկում էի աշխատում: Մի բանվոր մարդ, ամեն մի ձեռքն իմ երկու ձեռքի չափ, հսկա անձնավորություն, եկավ այն ժամանակ շրջկոմի մի բաժնի վարիչի մոտ: Տվյալ պահին ես էլ էի այդ աշխատասենյակում: Հարցրեց վարիչին` այս բանը կարո՞ղ եք անել, սա ասաց` չէ, հնարավորություն չունենք: Մեկուրիշ բան ասաց` էլի նույն պատասխանը, երրորդն ասաց` դարձյալ նույնը: Էս մարդն ինչ ասաց, պատասխանեց` չէ: Գոնե չասաց մի բան կանենք, կմտածենք, գնամ զեկուցեմ, բոլոր հարցերին պատասխանեց` հնարավորություն չունենք: Էս մարդը վեր կացավ, մի վատ խոսք ասաց, հետո էլ “բա ասում են ինֆարկտն ինչից կեղնի, ձեր էս դռները բացել-փակելուց կեղնի”: Զարկեց դուռն ու ապակիները ջարդեց, լցրեց վար գնաց: Բաժնի վարիչն անգամ հետևից չասաց` ինչու ջարդիր, որովհետև ասելու բան չուներ: Այսինքն, ամեն ինչ գալիս է մեզանից”, – իր խրատական խոսքն ավարտեց մարզպետ Ցոլակյանը:

Նրա գնահատմամբ նույնը տիրում է նաև բուժհաստատոթյուններում: “Չսափրված բժիշկ, ձեռքերը գրպանը բժիշկ, ինձ վրա շատ վատ ազդեցություն է թողնում: Սովորական վերաբերմունք հիվանդի նկատմամբ, մեր բնատուր կոպտությունը մեր տանեցիների վրա չպետք է թափենք, ոչ էլ հիվանդների, ինչը շատ հաճախ կրկնվում է մեր մարզում: “Ընչի՞ ես եկել”, “Դու ո՞վ ես”, այս հարցադրումները ոչ բժշկին են սազում, ոչ էլ պետական հիմնարկի որևէ պաշտոնյայի: Այ սա ես կուզենայի, որ վերանար: Այդ վերաբերմունքն առաջանում է, երբ մարդն առաջին հերթին կուլտուրայի պակաս ունի”:
Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանը միակ մարզպետը չէ, ով “դասեր” է տալիս մարզի պաշտոնյաներին: Նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի համառ ջանքերի շնորհիվ բոլոր համայնքապետերը սովորեցին նիստերին ներկայանալ սափրված ու կոստյումով, և ամենակարևորը` կապել փողկապ: Գիզիրյանն ասում էր` գյուղապետարան գնացեք սափրված ու կոկիկ, որ բնակիչն իմանա իր դեմ պաշտոնյա, ղեկավար է կանգնած, սկսի հարգել: Որը, կարծես թե, ստացվել է:
Իսկ Ֆ.Ցոլակյանն անցնում է ավելի նուրբ քայլերի:

Անկախ