Թուրքական բանակը չի պատրաստվում միջամտել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին

Թուրքական բանակ, քաղաքական ճգնաժամԹուրքական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում միջամտել Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամին, որն առաջացավ կոռուպցիոն սկանդալի հետ: «Թուրքիայի զինված ուժերը չեն պատրաստվում մասնակցություն ունենալ քաղաքական վեճերին»,-հայտնել էր Թուրքիայի Գլխավոր շտաբը: Թուրքիայում վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում մասնակցություն ունեցած անձինք, մասնավորապես Յալչըն Աքդողանը, կարծիք էր հայտնել, որ զանգվածային սկանդալը կարող է ռազմական հեղաշրջման պատճառ հանդիսանալ:
Նշենք, որ անցյալում Թուրքիայում մի քանի անգամ ռազմական հեղաշրջումներ են տեղի ունեցել: 1960, 1971 և 1980 թվականների ռազմական հեղաշրջումների ժամանակ թուրքական բանակը հենց քաղաքական ճգնաժամների ժամանակ էր, որ կարողացավ իշխանությունն իր ձեռքը վերցնել: Իսկ ահա 1997 թվականին թուրք գեներալները Թուրքիայի իսլամիստական կառավարությանը (ինչպես և հիմա է) ստիպեցին հրաժարական տալ: Սակայն պետք է արձանագրել, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ` Թայիփ Էրդողանը իր կառավարման ժամանակաշրջանում կարողացավ զգալիորեն թուլացնել բանակի դերը Թուրքիայի քաղաքական կյանքում: Դրան էին ուղղված նախորդ ռազմական հեղաշրջումներին մասնակցություն ունեցած թուրք մի շարք սպաների ձերբակալությունները: Այսօր թուրքական բանակը անհամեմատ ավելի թույլ դերակատարություն ունի քաղաքական գործընթացներում:

Անկախ

Tags: ,