Ամանորյա նվերները աշխարհի տարբեր երկրներում

Ամանորյա նվերներ,աշխարհԲոլորը սիրում են Ամանորը և սպասում տոներին ոչ միայն արձակուրդի և ուրախ հավաքույթների, այլ հատկապես հաճելի նվերների համար: Աշխարհի տարբեր երկրներում Ամանորը յուրովի են նշում՝ իրար ուրախացնելով իրենց սովորույթներին hատուկ նվերներով: Տեսնենք, թե ինչպիսի նվերներ են նախընտրում Ամանորին աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչները:

Ավստրիացիները Նոր Տարուն իրար նվիրում են առօրյայում անհրաժեշտ իրեր, քանի որ այնտեղ ապրելը բավական թանկ է: Բազմաթիվ Ավստրիացի ընտանիքները Ամանորին գեղեցիկ հագուստ և աքսեսուարներ են գնում: Այս երկրում նաև ընդունված է նվիրել հրավեր՝ մասնակցելու տոնական երեկոյի հանրահայտ Վիեննական օպերայում: Նման ուշադրությունը գնահատում են և տարեց, և երիտասարդ ավստրիացիները:
Անգլիացիները Ամանորին չեն ընտրում որևէ թանկարժեք զարդ կամ հուշանվեր: Նրանք իրար գեղեցիկ բարեմաղթանքներ են հղում, սիրում են ոչ թանկարժեք մանրուքները՝ կողպեք, կախազարդեր, գարեջրի բաժակներ, հոտավետ մոմեր, հետաքրքիր հուշանվեր-տիկնիկներ և այլն: Նման մանր մունր իրերը խորհրդանշում են նվիրողի սրտի մաքրությունն ու նվիրվածությունը ձեր ընտանիքին:
Փոխարենը ԱՄՆ-ում նվերներն ունեն միջինում 50-ից 800 դոլարի արժեք: Ամերիկացիներն իրար նվիրում են սիգար, գինի, օծանելիք, հագուստ: Այստեղ ընդունված է նվերները մատուցել կտրոնով, որպեսզի անհրաժեշտ ության դեպքում հնարավոր լինի նվերը ետ վերադարձնել խանութ: Հունվարի սկբին խանութներում նվերները հետ հանձնելու համար մեծ հերթեր են գոյանում: Այդ պատճառով վերջին ժամանակներում ԱՄՆ-ում շատ ակտուալ են դարձել Gift Certificate-ները (նվերի հավաստագրեր): Դրանք պլաստիկ քարտեր են 50 դոլար և ավելի արժողությամբ: Անձը, որը ստանում է այդ քարտը, ցանկացած ժամանակ կարող է գնալ խանութ և ընտրել իր հավանած նվերը:
Հունգարացիները, սովորաբար, իրար նվիրում են գրքեր, տաք զուգագուլպաներ, իսկ երեխաները մեծերին՝ սեփական ձեռքով պատրաստված բացիկներ և այլ իրեր:
Իսկ ահա հոլանդացի երեխաներն Ամանորին ստանում են թխվածքով կամ քաղցրավենիքով լի պարկեր: Ըստ ավանդույթի՝ այդ պարկերը մոգերը դնում են երեխաների կոշիկների մեջ:
Գրելանդիայի էսկիմոսները ևս նշում են Նոր Տարին: Նրանք միմյանց նվիրում են սառցե մարդուկներ՝ սպիտակ արջերի և ծովառյուծների տեսքով, և քանի որ Գրելանդիայում նույնիսկ ամռանն է շատ ցուրտ, սառցե մարդուկները կարելի է պահել շատ երկար:
Հույները սիրում են իրար պարզապես քարեր են նվիրում՝ մաղթելով հետևյալը՝ «Թող հասցեատիրոջ փողերը լինեն նույնքան ծանր, որքան այս քարն է»: Իսկ եթե քարը փոքր է, ապա մաղթում են՝ «Թող հասցեատրիոջ աչքի փուշը լինի այնքան փոքր, որքան այս քարն է»: Վերջին ժամանակներում հույները որպես ամանորյա նվեր ընտրում են թղթախաղը:
Դանիացիների համար գլխավորը տոնի հնչեղությունն ու ճոխությունն է, նրանք նվերներին մեծ նշանակություն չեն տալիս և սովորաբար իրար հասարակ մի բան են նվիրում: Իսկ ահա դանիացի երեխաների համար նվերի փնտրտուքը իսկական տոնի է վերածվում: Առավոտյան բարձի տակ երեխաները ոչինչ չեն գտնում և իրենց նվերը գտնելու համար նրանք ստիպված են ամբողջ տունը տակնուվրա անել : Հյուր գնալիս դանիացիները սիրում են որպես նվեր տանել տարբեր տեսակի և չափերի մոմեր: Ըստ վիճակագրական տվյալների՝ դանիացիները համարվում են աշխարհում ամենաշատ մոմ օգտագործողները:
Իտալացիները նվերը համարվում է նրբաճաշակության նշան: Մեկ շիշ բարձրակարգ գինին իտալացու համար լավագույն նվերն է: Զարմանալի չէ, որ նորաձևության երկրում իտալացիները սիրում են իրար քաշմիրե հագուստ կամ ոճային փողկապ նվիրել: Սիրահար զույգերը միմյանց նվիրում են կարմիր ներքնազգեստ՝ որպես կապվածության նշան:
Չինացիները Նոր Տարուն իրար նվիրում են իրեր, որոնք խորհրդանշում են միասնություն, ընտանեկան ներդաշնակություն: Չինացիների համար անընդունելի նվեր է համարվում ժամացույցը, քանի որ նրանց ենթագիտակցության մեծ քրոնոմետրաժը մահվան խորհրդանիշ է:
Մեքսիկացիները ամանորյա նվերների հարցը հեշտ են լուծում՝ գնելով երկրում հայտնի ծաղկի մի տեսակ, որը Մեքսիկայում փոխարինում է տոնածառին:
Գերմանացիները սիրում են գրքեր նվեր ստանալ, իզուր չէ, որ այս ազգը համարվում աշխարհում ամենակարդացողը: Բայց ամենահաճելի անակնկալն այստեղ համարում են ճանապարհորդությունը, որի ուղղությունն ու տևողությունն արդեն կախված է ընտանիքի հնարավորություններից:
Պորտուգալացիների համար հատուկ ուշադրության է արժանի ձեռքի աշխատանքը: Ձեռքով կարված, ասեղնագործված սփրոցները, փայտե սպասքը, զարդատուփերն ու նկարի շրջանակները համարվում են ամանորյա լավագույն նվերները:
Ֆինների համար նվերի ունիվերսալ տարբերակ է համարվում սպորտային համազգեստը և մոմը՝ սիրո և ընկերության խորհրդանիշը:
Ֆրանսիացիները համարվում են ինքնատիպ և ոչ պրակտիկ նվերների սիրահարներ: Ավելի հաճախ նրանց ընտրությունն կանգ է առնում յուրօրինակ հուշանվերների կամ բացիկների վրա: Չնայած նրան, որ Ֆրանսիան համարվում է օծանելիքի երկիրը, այստեղ ամուսնացած կնոջը օծանելիք նվիրել չի կարելի: Այս իրավունքը վերապահված է միայն կնոջ ամուսնուն:
Ճապոնացիները միմյանց օսեյբո են նվիրում: Սա նվերի ավանդական հավաքածու է, որում ներառված են պահածոյի տուփեր, հոտավետ օճառի կտորներ և առօրյայում անհրաժեշտ այլ իրեր: Պատմաբանների կարծիքով՝ այս ավանդույթն առաջացել է դեռ միջնադարում: Այն ժամանակ սամուրայները դեկտեմբեր ամսվա վերջի օրերին միմյանց զոհ էին մատուցում խիստ կանոնակարգված հերթականությամբ՝ ըստ ֆեոդալական աստիճանակարգի: Իսկ ճապոնացի երեխաները մինչև օրս հավատում են, որ իրենց երազանքը կկատարվի, եթե բարձի տակ դնեն երազանքն արտահայտող նկար:
Աշխարհի մի շարք երկրներում ավանդույթները տարբեր են, նվերները՝ յուրօրինակ և հետաքրքիր: Սակայն Ամանորը միավորում է բոլոր մարդկանց, նրանց ընտանիքներ բերելով սեր և ջերմություն, տոն ու ուրախություն: Թող այս տարին բոլորիս համար լինի միայն հաջողությունների ու նվաճումների տարի: Ամանորյա լավագույն մաղթանքներով՝

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

Tags: ,