Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով պաշտոնական այցով գտնվում է Պորտուգալիայում, մայրաքաղաք Լիսաբոնում հանդիպել է իր գործընկերոջ՝ նախագահ Հանիբալ Կավակու Սիլվայի հետ: Նախագահների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ավելի ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա էին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:
Նախագահ Գյուլը իր երախտագիտությունն է հայտնել Պորտուգալիային Եվրամիության անդամակցության հարցում Թուրքիային աջակցելու համար: Պորտուգալիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է ԵՄ անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով՝ Պորտուգալիան շարունակելու է հետագայում ևս աջակցել Թուրքիային այս հարցում: Երկու պետությունների նախագահները անդրադարձել են նաև սիրիական ճգնաժամին: Ընդգծվել է այդ երկրում արյունահեղության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, ինչի համար միջազգային հանրությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի:
