Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում Երևանի «Փյունիկը» անցկացրած 14 խաղից հետո 17 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Արդյունքը գոհացնող չէ:
Եվ ահա, «Փյունիկի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, հավաքականի կազմում 132 խաղանցկացրած Սարգիս Հովսեփյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ:
«Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել «Փյունիկում»: Շնորհակալ եմ ղեկավարությանը՝ նման վստահության համար: Ես երկար տարիներ պաշտպանել եմ իմ հարազատ ակումբի պատիվը՝ որպես ֆուտբոլիստ, այժմ կատարելու եմ գլխավոր մարզիչի պարտականությունները: Ինչպիսի նվիրումով ես խաղացել եմ «Փյունիկում» և ազգային հավաքականում, այնպես էլ աշխատելու եմ որպես մարզիչ:
Ճիշտ է, հիմա «Փյունիկն» իր համար անսովոր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, սակայն միասնական ուժերով մենք կփորձենք դուրս գալ առաջատար դիրքեր: Դրա համար ակումբն ունի համապատասխան ներուժ:
Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել մեր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծննունդը: Ցանկանում եմ առողջություն և խաղաղություն, իսկ մեր հայկական ֆուտբոլին հաղթանակներ միջազգային ասպարեզում, ֆուտբոլիստներին՝ առանց վնասվածքների ելույթներ»,-ասել է Հովսեփյանը:
Tags: Սարգիս Հովսեփյան, սպորտ, ֆուտբոլ
