Դեկտեմբերի 31-ին ականատես ենք լինում բազմաթիվ օյինբազությունների. Արմինե Շահումյան

Ամանորն այն սակավաթիվ տոներից է, որ հայ ժողովուրդը շարունակում է ճոխ-ճոխ տոնել, հետաքրքիր է, կա արդյոք մեկը, ով պարզապես անջատում է նյարդերն ու հրաժարվում գեր ծախսեր անելուց: Սակայն, ինչպես եւ ամեն ինչ, Նոր տարվա տոնակատարության մենթալիտետը եւս շատ հայկական է: Որովհետեւ, ի տարբերություն այն եվրոպացիների, որոնց հետ որոշ քաղաքացիներ այդքան շատ ուզում են ինտեգրվել, մենք Նոր տարին դիմավորում ենք այնպես, որ ոչ թե ինքներս հաճույք ստանանք, այլ, որ դիմացինին «պզզացնենք»:

0«Դեկտեմբերի 31-ին երբ տարբեր հեռուստատեսություններ ենք միացնում, ականատես ենք լինում բազմաթիվ օյինբազությունների»,-այս մասին archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց սոցիալական աշխատող Արմինե Շահումյանը:

Նրա խոսքով հատկապես պետք է մեծ ուշադրություն դարձնել հեռարձակվող հաղորդումներին: Ավանդական հայ ընտանիքը հենց այդպես էլ դիմավորում է Ամանորը, տոնական սեղան է գցում, զարդարած բուդը դնում կենտրոնում, հետո հերթով ամեն ինչ շարում՝ բաստուրմա-սուջուխ, բլինչիկ-մլինչիկ եւ այլն, ու միացնում հեռուստացույցը: Ինչո՞ւ: Որովհետեւ նաեւ հոգեւոր սնունդ է ուզում: Բոլոր հայկական ալիքներով մոտավորապես նույն բանն է՝ հայկական «շոու-բիզնեսի» կերած-խմած դեմքերը հավաքվել էին ճիշտ նույնպիսի տոնական սեղանի շուրջ, իսկ տեսախցիկն ամենայն մանրամասնությամբ ցուցադրում էր սեղանին դրվածը: Բոլորը երգում-պարում եւ ուրախանում են, մի քանի ալիքներ էլ բացառությամբ ցուցադրում են ֆիլմեր, որոնք ամբողջ տարվա ընթացքում եթեր չեն հեռարձակվել ու հասանելի չեն եղել հանրությանը:

«Նրանք, ովքեր արբանյակային ալեհավաքներ ունեն, կարող են համեմատել, թե ինչպես է ամբողջ աշխարհը դիմավորում Ամանորը, եւ ինչպես են դիմավորում հայերը: Ամբողջ աշխարհում՝ տոնական մթնոլորտ, հրավառություն, կատակներ, համերգային ծրագրեր եւ այլն: Հայկական հեռուստաեթերում շատ հաճախ գովազդից բացի ուրիշ ոչինչ չկա: Կողքից նայողը միանշանակ այն տպավորությունը կստանար, թե հինգհազարամյա հայ ժողովրդին ուտելիքից բացի ոչինչ չի հետաքրքրում: Ու մարդիկ ստիպված էին հինգ րոպեն մեկ տեղեկանալ, որ հայ ժողովուրդը չգիտի, թե որն է հայկական երկրորդ զովացուցիչ ըմպելիքը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,