Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում չեչենների և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Արդյունքում սպանվել է մեկ մարդ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Haqqin.az”ը, դեպքը տեղի է ունեցել երեկ Նիժնիյե պոլյա փողոցում: Տուրուդմբոցի ժամանակ գործի են դրվել տրավմատիկ և սառը զենք: 1984թ-ին ծնված, ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Իսմայիլովն ուսի և կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է: Նրա հայրը`1967թ.-ին ծնված Իլհամ Իսմայիլովը, ծանր վնասվածք է ստացել կոկորդի հատվածում:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 105-րդ (կանխամտածված սպանություն) և 222-րդ (հրազենի ապօրինի կրելը) հոդվածներով: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննություն է սկսվել:
Լրատվամիջոցներում միջադեպի պատճառների երկու վարկած է շրջանառվում: Ըստ առաջինի՝ վիճաբանությունը սկսվել է, երբ չեչեններն օգտվել, սակայն հրաժարվել են վճարել ադրբեջանցիներին պատկանող ավտոտեխսպասարկման կետի ծառայությունների դիմաց: Երկրորդ վարկածի համաձայն՝ադրբեջանցիների և չեչենների միջև բախման պատճառ հանդիսացել է ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող ադրբեջանական ընկերությունը, որը չեչենները ցանկացել են ձեռք բերել:
Tags: Ռուսաստան