Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ տոնական օրերին “Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6 հազար կանչ
Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով:
2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության “Շտապբուժօգնություն” ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:
1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց:
Կանչերի գերակշիռ մասը՝ 2221, եղել է գիշերային ժամերին:
Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5390 կանչ:
Ընդհանուր առմամբ՝ 2013-ին 20-25 հազարով ավելի կանչեր են ստացվել, ինչը, ըստ “Շտապբուժօգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի, պայմանավորված է ինչպես ոլորտում կատարված բարեփոխումներով, այնպես էլ ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության աճով:
Tags: "Շտապբուժօգնություն", 6 հազար կանչ, Երևանի քաղաքապետարան, Տոնական օրեր
