Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների շրջանակում դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված “Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ” խորագրով միջազգային փառատոնին մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը: Մոսկվայի տարբեր հատվածներում բացված ամանորյա շուրջ 34 տոնավաճառների շարքում “Հայաստան” տոնավաճառը մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին ներկայացել է իր առանձնահատկությամբ ու ինքնատիպ: Ի դեպ, փառատոնին մասնակցել են ՌԴ, ԱՊՀ և Եվրոպայի տարբեր քաղաքներ:
Պուշկինի հրապարակում բացված “Հայաստան” տոնավաճառն այցելուներին առաջարկել է հայկական բազմատեսակ արտադրանքներ, այդ թվում` հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք և այլ մթերքներ: Ի դեպ, հայկական տոնավաճառում տեղադրվել էր նաև հայկական ավանդական թոնիր՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ:
Փառատոնի պաշտոնական կայքէջի կազմակերպած հարցումներով “Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ” փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել է “Հայաստան”տոնավաճառը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, շնորհակալություն հայտնելով հայկական տոնավաճառի կազմակերպիչներին մասնակցության և արձանագրած հաջողության համար, ընդգծել է, որ “Հայաստան” տոնավաճառն իսկապես առանձնահատուկ էր իր կոլորիտով:
Մոսկվայի քաղաքապետը ՌԴ մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանին է հանձնել պատվավոր մրցանակը: Փառատոնում պատվավոր առաջին և երկրորդ մրցանակներին, համապատասխանաբար, արժանացել են “Ժամանակակից Մոսկվա” և “Եվրոպայի քաղաքներ” տոնավաճառները:
Tags: երրորդ մրցանակակիր, Հայաստան, միջազգային փառատոն, տոնավաճառ