Օսկարի առաջադրված չինացի ռեժիսոր Չժան Իմոուն Չինաստանի մեկ երեխա քաղաքականությունը անտեսելու համար տուգանվել է 7,48 միլիոն յուանով (1,2 միլիոն դոլար):
Ցզյանսու նահանգի Ուսի քաղաքի ընտանիքի պլանավորման բյուրոն Չժանին հինգշաբթի օրը նամակ է ուղարկել՝ պահանջելով տուգանք վճարել թույլատրվածից երկու երեխա ավել ունենալու համար:
Չժանը դեկտեմբերին ներողություն էր խնդրել ավել երեխաներ ունենալու համար, նա և իր կինն ընդունել էին, որ ունեն երկու որդի և մեկ դուստր:
Ցզյանսու նահանգի տեղական իշխանությունները տուգանքի չափը որոշել են՝ հաշվի առնելով ռեժիսորի ընտանիքի տարեկան եկամուտը:
Զույգը պարտավորվել է տուգանքը վճարել 30 օրվա ընթացքում:
Չժանը հատկապես հայտնի է «Կարմիր սորգո», «Վառվիր, կարմիր լապտեր» և «Հերոսը» ֆիլմերով:
Կինոռեժիսորը նաև կազմակերպել է 2008թ-ին Պեկինի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները:
Tags: Չինաստան