Իսլամացած հայազգի կինը օգնություն է խնդրում թուրքական իշխանություններից

Իսլամացած, հայազգի կին,օգնություն,թուրքական իշխանություններ«Անադոլու» գործակալությունը պատմում է Մալաթիայում բնակվող մի հայազգի կնոջ մասին, որը, տիրապետելով յոթ լեզվի, գործազուրկ է մնացել: 42-ամյա Պընար Սարչանը (հայկական անունը՝ Քնարիկ Ոսկանյան), բաժանվելով իր թուրք ամուսնուց, երկու երեխաների հետ վարձով տանն է բնակվում: Մոտ 3,5 տարի առաջ իսլամ ընդունած կինը գիտի անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն, քրդերեն և հայերեն, սակայն չի կարողանում աշխատանք գտնել: Կինը պատմել է, որ առաջին ամուսինը, որից դուստր ունի, ռուս է եղել: Նրանից բաժանվելուց հետո որոշ ժամանակ ապրել է Երևանում, ապա ամուսնացել մալաթիացի 65-ամյա թուրք տղամարդու հետ, որից ևս մեկ դուստր է ունեցել: Երկրորդ ամուսնու կողմից բռնության ենթարկվելու պատճառով նրանից ևս բաժանվել է՝ մենակ մնալով երկու երեխաների հետ: Առողջական խնդիրներ ունեցող կինը, չկարողանալով ապրուստի միջոց վաստակել, օգնություն է խնդրում իշխանություններից: «Տունս վարձակալում եմ, որի գումարը չեմ կարողանում վճարել: 8 ամսվա վարձ է կուտակվել, շատ ծանր դրության մեջ եմ»,-ասել է Պընարը:
Ինքնակամ իսլամ ընդունած Քնարիկը, կրոնափոխությունից հետո վերցնելով Պընար անունը, խոստովանել է, որ Թուրքիան շատ է սիրում: «Մեծ աղջկաս՝ Այշեին հարցրեցի, թե ինչպես են նամազ անում, նա էլ ինձ սովորեցրեց: Միասին նամազ արեցինք: Ես ամեն բան Ալլահին եմ վստահել, թող նա մի դուռ բացի»,-խոստովանել է կինը: Վերջիս պատմել է նաև, որ հայրական տատը ծնունդով Ալաշկերտից է եղել, այդ պատճառով էլ հայրը, հատուկ վերաբերմունք ունենալով Թուրքիայի նկատմամբ, իրեն չի քննադատել իսլամ ընդունելու համար:

Անկախ

Tags: , , ,