Գրեթե ավարտվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով նավթի տարանցման շուրջ բանակցությունները: Այն կփոխարինի Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղին: Այս մասին “Թրենդ” գործակալությանը տեղեկացրել են SOCAR-ից (Ադրբեջանի պետական նավթայի ընկերություն):
Նշվում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով տարեկան մոտ 2 մլն տոննա նավթ է տեղափոխվելու, ինչը նախկինում նախատեսված էր Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի համար: Ընդ որում` հեռանկարում նախատեսվում է ԲԹՋ նավթամուղով նավթի փոխադրման ծավալները ավելացնել մինչև 5 մլն տոննայի:
“Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով տարանցման բոլոր հարցերը գործնականում համաձայենցված են, այդ թվում՝ British Petroleum-ի հետ: Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով տարանցումը դադարեցնելուց հետո այն կկատարվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով”, -ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2013թ.-ի մայիսին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` դադարեցվում է Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթի տարանցումը:
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը սկսվել է 2003թ-ի ապրիլից, իսկ 2005թ.-ի մայիսի 18-ից այն սկսել են լցնել նավթով:
Tags: ադրբեջան, բաքու-թբիլիսի-ջեյհան, նավթ