Իլհամ Ալիևը հերթական անհեթեթ մտքերն է արտահայտել Հարավկովկասյան համաժողովի ժամանակ

alievՀայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում մեկնարկած Հարավկովկասյան համաժողովի ժամանակ:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ալիևը իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանը ձգտում է ԼՂ հիմնախնդիրը լուծել միջազգային իրավական նորմերի շրջանակում: “Մենք ցանկանում ենք մեր բռնազավթված տարածքներն ազատագրել միջազգային իրավունքի նորմերի շրջանակում: Մենք շարունակում ենք տնտեսական և քաղաքական բարեփոխումները: Այնպես որ, որքան ուժեղ լինենք, այնքան շուտ կկարողանանք լուծել հիմնախնդիրը”,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև վրաց-ադրբեջանական հարաբերություններին` նշելով, որ “դրանք հարավկովկասյան տարածաշրջանում համագործակցության լավագույն օրինակ են”: “Ցավոք սրտի, Հարավային Կովկասի երրորդ երկրի՝ Հայաստանի հետ մեր հարաբերությունները լարված են: Որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն, Հայաստանը պետք է դադարի բռնազավթիչ քաղաքականություն վարել”,-նշել է նա:

 

Հարավկովկասյան համաժողովը մեկնարկել է այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Միջոցառմանը մասնակցում են մոտ 400 փորձագետներ աշխարհի 70 երկրից, պետությունների և կառավարությունների նախկին և ներկա ղեկավարներ:

 

Համաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջան է ժամանել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

 

Tags: