Ադրբեջանում հրապարակել են ղարաբաղյան պատերազմում մահացած ադրբեջանցիների թիվը

ադրբեջանցի զինծառայողԱդրբեջանի մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայությունը հրապարակել է զինծառայողների անունները, ովքեր զոհվել են ղարաբաղյան պատերազմի տարիներին: Ռազմական գործողությունների արդյունքում մահացել է 11557 ադրբեջանցի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Չնայած որոշ շրջանների համար ցուցակներն ամբողջական չեն, դրանք կարելի է համարել 1991-1994 թվականներին զոհված ադրբեջանցի զինծառայողների առաջին տվյալները: Ըստ Ադրբեջանի մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայության՝ ցուցակում հայտնվել են միայն ռազմական գործողությունների մասնակիցները:

Նշենք, որ ցուցակում չեն գրվել այն քաղաքացիների անունները, ովքեր սպանվել են  պայթյունների և այսպես ասված «ջարդերի» ընթացքում:

Razm.info-ն, անդրադառնալով ադրբեջանական կողմի հրապարակած թվերին, նշում է, որ հրապարակվածը կորուստների  թերևս ամենանվազեցված տարբերակն է: Այսպես, 1994-ի հունիսին Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել էր 1991-1994 թթ. 21 հազար զոհերի, 2011-ին Իլհամ Ալիևն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել էր 13-15 հազար կորուստների մասին:

2007-ի փետրվարին ադրբեջանական մի շարք ՀԿ-ներ և փորձագետներ հաղորդել էին՝ Ադրբեջանն ունեցել է 24 հազար կորուստ, 4 հազար անհայտ կորած զինծառայող:

Անկախ

Tags: , ,