Զինվորին ծեծի ենթարկելու փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն. Սեյրան Օհանյանը գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ

 Մհեր ԽլղաթյանՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը երեկ այցելել է զորամաս, որտեղ տեղի է ունեցել նորակոչիկ Մհեր Խլղաթյանի հետ կապված միջադեպը:   Այդ մասին «Փաստինֆո» թղթակցին ասել է  ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ նախարարը, տեղում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ:   Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:    Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է նաև, որ նորակոչիկի առողջական վիճակը փոքրի ինչ բարելավվել է:   Ինչպես ավելի վաղ Անկախը տեղեկացրել էր` Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխման պահին զինվորի գիտակցությունը եղել է  թեթև մթագնած, առողջական վիճակը խիստ անհանգստացնող, իսկ հոսպիտալում նաև պարզվել է, որ նա  երկկողմանի թոքաբորբ է տանում:   Մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորել ոմն Արմանը և Նարեկը: Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո, տեսնելով որ չեն կարողանում զինվորին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել, նոր տեղափոխում են Երևան:

Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ և 358.1 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը:    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Անկախ

Tags: , ,