Մարդկանց սոցիալական դրությունն ու տրամադրությունն այլ է. Հոգեբան

ամանորի սեղանԺամեր առաջ պաշտոնական ավարտ ունեցավ Ամանորյա կերուխումը: Հայ հասարակությունը 2014 թ.-ի ձիուն դիմավորեց ճոխ սեղաններով ու ձիու համառությամբ: Կարծես թե տոն ասվածը գունավոր ու բարի է, սակայն շատերի համար ծախսերի ու պարտքերի տեղատարափ է: Բազմաթիվ հարցումներից պարզ է դարձել, որ երեւանցիների 60%-70%-ը դժգոհ է, կամ դրամապանակում գումար չունի, կամ ուտելիքի մի մասը փչացել է: Ինչն է արդյոք պատճառը, որ հայերն իրենց նման ճոխություն են թույլ տալիս, միթե հարեւանին կամ բարեկամին զարմացնելու համար արժե առողջություն ու ժամանակ կորցնել: archive2.ankakh.com-ի հետ զրույցում հոգեբան, սոցիոլոգ Էլվինե Փանոսյանը նշեց, որ քաղաքացիների մի մասն այսօր ի վիճակի չէ անգամ կոմունալ վճարումեր իրականացնել: Սեղաններն առատ էին, բազմազան ու բազմաբնույթ, մարդիկ փորձում էին օրիգինալ ու յուրահատուկ ուտեստներ պատրաստել մյուսներից տարբերվելու համար.

“Հայ ազգն այն բացառիկ ազգերից է, ով ունի մյուսին՝ հարեւանին, բարեկամին, գործընկերոջն ու հարազատին զարմացնելու բուռն ցանկություն: Մեկի տանն ուրիշ է բլինչիկի համը, մյուսը սնկով է, տոլման թփով է, բուդը սոուզով: Ահա համար մեկ դժբախտությունը, որը անպակաս է յուրաքանչյուր հայի տանից: Շատ եմ լսել դեպքեր, երբ տնային տնտեսուհիները ասել, շեշտել են, որ այս անգամ ոչինչ էլ չեն անելու, բայց ապարդյուն, դրանք միայն խոսքեր են՝  դատարկ խոսքեր”:

Հոգեբանի հավաստմամբ շատ ընտանեկան խնդիրներ ծագում են հենց տոնական այս սեղանների պատճառով, ամուսինները վիճում են, մի մրգի, կամ ուտեստի շուրջ, բողոքում համից կամ տեսքից, կամ հենց գրպանում եղած դատարկությունից: Տղամարդկանց մեծ մասն ուզում է պարզապես հանգստանալ, իսկ կանայք մեկը մյուսին զարմացնել: Դա վատ է անդրադառնում նաեւ երեխաների մոտ, կան բազմաթիվ խելացի պատանիներ, կամ երիտասարդներ, ովքեր ցանկանում են այդ մի քանի օրն ընտանիքի անդամների հետ գնալ քաղաքից դուրս, որեւիցե հանգստի գոտի, իսկ ծնողները պնդում են, որ ամոթ է հորաքույրը կամ քեռին այս անգամ գալու է.

“Մարդկանց սոցիալական դրությունն ու տրամադրությունն այլ է, պետք է մի փոքր պատկերացնել, թե այդ ուտելիքի առատությունից հետո ինչ խնդիրների առջեւ կարելի է կանգնել, համեստ սեղանը կամ բոլորից տարբերվելն ու թեթեւ նշելը միայն դրական է գնահատվում: Մենք ճոխություն սիրող ազգ ենք, բայց կաշվից դուրս գալն ուղղակի ծիծաղելի է: Նեղություն տալ ու ուրիշին զարմացնելն անիմաստ է”:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: