Բրիտանիայի գազանանոցներից մեկում կապիկներին այլևս բանան չեն տալիս: Մեր հասկացությամբ, կապիկն ու բանանը անքակտելիորեն կապված են, սակայն, մասնագետները կարծում են, որ նման սննդակարգը վնասում է պրիմատներին: Սննդի գծով փորձագետները կարծում են, որ բանանը կապիկների համար նույնն է, ինչ երեխաների համար` շոկոլադը.չես կարող միշտ շոկոլադով կերակրել երեխային:
Աշխատողները կապիկներին օգտակար ու առողջ սննդակարգով են պահում: Հիմա նրանք ավելի շատ ընդեղեն ու բանջարեղեն են ուտում, հատկապես` կանաչի: Իսկ մեծ քանակությամբ շաքարի պարունակությամբ սնունդ, այդ թվում նաև բանան, նրանք այլևս չեն ստանա:
Գազանանոցի ներկայացուցիչ Էմի Պլումանը նշել է.”Երբ մարդիկ սննդակարգի են անցնում, նրանք փորձում են շատ միրգ ուտել: Սակայն, մարդկանց համար աճեցվող մրգերը ավելի շատ շաքար են պարունակում ու նվազ` պրոտեիններ ու բջջանք, քան հարկավոր է կենդանիներին: Մենք սիրում ենք քաղցր ու հյութալի մրգեր ու այն ինչ մենք ենք ուտում, շատ տարբերվում է նրանից, ինչ վայրի բնության մեջ է աճում”:
Նրանք ասում են, որ կենդանիներին նոր սննդակարգի սովորեցնելն այնքան էլ բարդ չի եղել: Նոր մթերքները նրանց սննդաբաժնի մեջ են մտցվել աստիճանաբար: Իսկ բանան ստանում են, երբ հիվանդանում են ու ինչ որ դեղամիջոց պետք է ընդունեն: Դեղահաբը բանանի կտորի մեջ են դնում ու տալիս հիվանդին: Այս միջոցը միշտ է “աշխատում”: Նոր սննդակարգի շնորհիվ ոչ մեծ խմբերով ապրող կապիկները, որոնք հիմնականում ագրեսիայի հակում են ունենում, հիմա շատ հանգիստ են:
Tags: գազանանոց, կապիկ, սննդակարգ