Ա. Աշոտյան. «Ներքին կարգերը պետք է դարձնել ավելի ուսանողակենտրոն»

Արմեն-ԱշոտյանԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Ռեկտոր Միքայել Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունը և 2014 թվականի բյուջեի նախահաշիվը։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ  թեև ԵՊԲՀ-ում բավական արդյունավետ աշխատանք է կատարվել, սակայն  նախարարության ակնկալիքները բուհից  ավելի մեծ են: “Կան որոշակի տեսանելի խնդիրներ, որոնց լուծումը ես համարում եմ առաջնային: Դրանցից կարևոր եմ համարում արդյունավետ կրթական գործընթացի  կազմակերպումն ամբիոններում: Շատ ամբիոններում գործող կարգերը բավարար արդյունավետ չեն, ինչի անուղղակի արտահայտումը կարելի է համարել նաև այն, որ հերթական քննաշրջանի ժամանակ բժշկականի ուսանողները հայտնվում են ամնենաշատ լուծարք ունեցողների շարքում: Սա հարուցում է ուսանողների դժգոհությունը, որը հանրային արձագանք է ստացել նաև մամուլում: Իմ պահանջը հետևյալն է՝ չիջեցնելով կարգապահության նշաձողը՝  ներքին կարգերը դարձնել ավելի ուսանողակենտրոն: Հաջորդ կարևոր խնդիրը, որն ընդհանուր է բոլոր բուհերի, այդ թվում նաև բժշկական համալսարանի համար, դա գիտական բաղադրիչի ծավալային մեծացումն է: Բուհերը չեն ուզում սեփական միջոցները ծախսել գիտության զարգացման վրա՝ դա թողնելով առավելապես պետության վրա: Նախապատրաստվում է օրինագիծ, որով ամրագրվում է, որ բուհական բյուջեների որոշակի տոկոսը պարտադիր պետք է հատկացվի գիտությանը”,- նշել է նախարարը: Ա.Աշոտյանն իր խոսքում շեշտել է նաև, որ ԵՊԲՀ-ն գտնվում է  միջազգային հավատարմագրման փուլում և միջազգային կազմակերպության կողմից անցկացված դիտարկման արդյունքով 10 չափանիշներից 7-ը դրական է գնահատվել:

2013 թվականին ԵՊԲՀ ֆինանսական մուտքերը կազմել են 1 մլրդ 426 մլն դրամ, որից շուրջ  720 մլն դրամը կազմել է աշխատավարձի ֆոնդը: Համալսարանական կլինիկաների մուտքերը ապահովվել են 97 տոկոսով և կազմել  3 մլրդ 311 մլն դրամ՝ նախատեսված 3 մլրդ 400 մլն-ի դիմաց, որի 65 տոկոսը կազմել է բուժհաստատությունների անձնակազմի աշխատավարձը: Կլինիկական հաստատությունների բյուջեները ձևավորվել է պետական պատվերի և վճարովի ծառայությունների մուտքերից:
Նիստի ընթացքում ռեկտորը, ներկայացնելով  2014 թվականի բյուջեի նախահաշիվը, նշել է, որ ֆինանսական հոսքերի կառավարման օպտիմալացում է նախատեսվում և  պատասխանել է նաև կառավարման խորհրդի անդամների հարցերին: Մասնավորապես ուսանողական խորհրդի ներկայացուցիչները հետաքրքրվել են կլինիկական օրդինատուրայի  ուսումնառությանը վերաբերող  խնդիրներով:
Նիստի ավարտին կառավարման խորհուրդը հավանություն է տվել ԵՊԲՀ 2013 թվականի հաշվետվությանն ու 2014 թվականի բյուջեի նախագծին:

 

Անկախ

Tags: , ,