«Վերջապես ՀՀ առողջապահության նախարարը խումբ ուղարկեց Գյումրու հանրակացարան». Վահան Թումասյան

1389790123_hivandutyun

«Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանն իր Ֆեյսբուքում գրել է, որ ըստ իրենց հասած հավաստի տեղեկությունների` ՀՀ առողջապահության նախարարի ցուցումով այսօր նախկին տեքստիլագործների հանրակացարանի բնակիչների առողջական վիճակը ուսումնասիրելու նպատակով Գյումրի է ժամանել բժիշկների խումբ՝ ՀՀ գլխավոր մաշկա-վեներաբան Կարեն Բաբայանի և ՀՀ գլխ. ինֆեկցիոնիստ Ա.Ասոյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկու օր առաջ  վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարան, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր: Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ էր արվել լրագրողներին լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարցնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ և հակահիգիենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին:

Էլեկտրոնային մի շարք պարբերակնների լրագրողների՝ հանրակացարանում բնակվող երեխաների և մեծահասակների, վարակիչ հիվանդությամբ տառապելու մասին «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի մասին հարցերին ի պատասխան,   Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը ընդամենը զարմանալով ասել էր, որ այդ հանրակացարանում գրեթե բնակիչ չկա: Իսկ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանն էլ, թե. «Գյումրիի 2-րդ հանրակացարանում բնակվող 40 հոգուց ընդամենը մեկ ընտանիքի երկու երեխայի մոտ են հայտնաբերվել մաշկային հիվանդության ախտանշաններ՝ վերքեր եւ ցան, վերցվել է քսուք եւ կատարվում է համապատասխան հետազոտություն»։

Երեկ «Շիրակ կենտրոնի» հնչեցրած վերոհիշյալ ահազանգի հետքերով տվյալ հանրակացարան էին գնացել նաև «Ցայգ» հեռուստառադիոընկերության լրագրողները, որոնց կողմից ներկայացված հրապարակումն ու լուսանկարները ներկայացրել ենք այստեղ:

Անկախ

 

Tags: , , , ,