Մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում

001“Չնայած կատարված աշխատանքներին, Երևանում քաղաքում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ: Մենք պետք է ավելացնենք ու եռապատկենք: Առաջարկություններ պետք է ներկայացնել նաև վարչական բոլոր շրջաններում անտառային գոտիների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով մենք կտրամադրենք լրացուցիչ ֆինանսավորում: Վստահ եմ, որ մի քանի տարիների ընթացքում մեր ծրագիրը հաջողությամբ կավարտենք և կվերականգնենք ու կգերազանցենք մայրաքաղաքի կանաչ զանգվածի երբեմնի ծավալները”,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ կանաչ բոլոր գոտիները նախևառաջ պետք է ապահովված լինեն ոռոգման ցանցով:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքներով միաժամանակ 14 ծրագիր է իրականացվում, որոնց շրջանակում մեկնարկել են սիզամարգային տարածքների ստեղծման և ձևավորման աշխատանքները, վարչական շրջաններ է տեղափոխվել և տնկվել 250 հազար ծաղիկ:

Անդրադառնալով  հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարմանը` քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ և մեկ անգամ ևս ընդգծել, որ պարտավորություններից խուսափող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմքենաների կայանման 23 և ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Շարունակվում է հսկողությունը նաև առավոտյան և երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների և ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակցույցով սպասարկման ուղղությամբ:

2013 թվականի ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների հետ կապված “Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ” ՊՈԱԿ-ի տնօրենը զեկուցվել է, որ Լենինգրադյան փողոցի հանգույցում ավարտվում են թունելային հատվածի ծածկի կառուցման, Իսակովի  պողոտայում էլ՝ թռիչքային ուղեանցի բետոնացման աշխատանքները: Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի վերաբերյալ զեկուցվել է, որ շինաշխատանքները լայն թափով շարունակվում են ճանապարհի 2-րդ փուլով նախատեսված հատվածում:

Նոր կառուցվող ավտոճանապարհների արտաքին լուսավորության ապահովման հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է կիրառելով նոր մոտցումներ` լուսավորությունն իրականացնել լուսադիոդային սարքերի միջոցով:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ այս տարվա ծրագրով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներըի շրջանակում արդեն իսկ ավարտվել է 560 հազար քմ տարածքի ասֆալտապատումը: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի ու եզրաքարերի նորոգման և կանաչապատման աշխատանքներ:

“Մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքները պետք է իրականացնենք ժամանակացույցի համաձայն և նույնիսկ կարողանանք  նախատեսված ժամկետից շուտ ավարտել`  ապահովելով ասֆալտբետոնե ծածկի բարձր որակ”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի տեղադրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ “Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն” ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ սարքավորումների առաջին խմբաքանակը Երևանում է, և կատարվում է փորձարկում:

Մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ հանձնարարվել է վարչական բոլոր շրջաններում կազմակերպել տոնական բացօթյա միջոցառումներ:

Հանձնարարվել է նաև համապատասխան աշխատանքներ տանել՝ մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի հետ կապած միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: