Գագիկ Բեգլարյանը ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին

այցՏավուշի մարզի Բերդ-Իջևան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածի փակման հետևանքով Այգեհովիտ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվում է շրջանցիկ ավտոճանապարհ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ շինարարության ընթացքին, կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Տավուշի մարզ, որտեղ Վազաշեն-Պառավաքար հատվածում ընթանում են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները:

Ճանապարհի շինարարությունն իրականացնող Իջևանի ճանշինի ղեկավարը  նախարարին հավաստիացրեց, որ  հողային աշխատանքները կավարտվեն մարտի կեսին, իսկ ապրիլի վերջին  ճանապարհը կհանձնվի շահագործման:

Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ եղանակային բարենպաստ պայմանները ևս կնպաստեն շինարարական աշխատանքների արագ ընթացքին, և նորակառույց ճանապարհահատվածը նախանշված ժամկետներում կշահագործվի։

«Անցած տարի մեծ աղմուկ բարձրացավ այս ճանապարհի հետ կապված, բայց ես պետք է ասեմ, որ ժողովուրդը բավականին տեղին էր բողոքում, որովհետև կար ոչ անվտանգ ճանապարհ, և անցյալ տարվա ցավալի դեպքերը բոլորս լավ ենք հիշում: Դրանցից հետո ՀՀ նախագահի հանձնարարականով անմիջապես սկսեցինք այս ճանապարհի կառուցումը: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատվիրել է ճանապարհի նախագիծը, և Իջևանի ճանշինը անցած տարվանից աշխատում է››, – ասաց նախարարը:

Այլընտրանքային այս ճանապարհը կունենա 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտությունները, իրականացրել է ‹‹Ճաննախագիծ ինստիտուտ›› ՍՊ ընկերությունը:

Նախագծման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Արդեն պատրաստ է ճանապարհի 1,6 կմ  հատվածի հողային պաստառը:

Կիրառված նախագծային լուծումներն ապահովվում են ճանապարհահատվածի անվտանգությունը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է ‹‹ Իջևան ՃՇՇ›› ՓԲ ընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում…

 

Tags: