Այսօր ԱՄՆ առաջին տիկինը նշում է իր հոբելյանը

2331189 ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման նշում է իր հոբելյանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տիկինը վառ անհատականություն է,  և ուժեղ բնավորությամբ ու նպատակաուղղվածությամբ չի զիջում ամուսնուն:

Միշել Օբաման իր լավագույն գծերը, իր իսկ խոստովանությամբ, ժառանգել է ծնողներից: Նրա հայրը` Ֆրեյզեր Ռոբինսոնը, աշխատել է Չիկագոյի պոմպակայանում, ծանր հիվանդացել է ու վաղ էլ մահացել: Մայրը` Մարիան Ռոբինսոնը, դաստիարակել է երեխաներին (Միշել Օբաման ունի եղբայր, որը նախկինում պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է եղել, այժմ մարզիչ է), իսկ հիմա` թոռներին, այդ թվում նաև Սպիտակ տանը:

Մի անգամ People-ին տված հարցազրույցում աղջիկը մոր համար ասել է.”Նա ասում է , այն ինչ մտածում է: Ու անում է այն, ինչ ուզում է, ընդ որում` առանց արդարանալու: Ես դրան դեռ չեմ հասել, սակայն նման հեռանկարն ինձ ոգևորում է”:

Ի դեպ, նախագահ Օբաման միշտ հպարտությամբ է խոսել իր կյանքի կանանց մասին, սկզբում` մոր ու տատիկի, ապա` կնոջ, զոքանչի ու դուստրերի.”Նրանք կարող են միավորվել ու ծիծաղել ինձ վրա` ականջներիս, չափազանց բարձր ձայնի կամ էլ հագնվելու վրա”:

Զույգը ծանոթացել է Չիկագոյում, իրավաբանական մի ընկերությունում: Այդ ժամանակ արդեն Միշելը ոչ միայն Փրինսթոնի դիպլոմ ուներ, այլև` իրավունքի դոկտորի աստիճան, որ ստացել էր Հարվարդի համալսարանում:

Մտերմությունը սկսվել է Սթիվի Ուանդերի արվեստի հանդեպ սիրուց: 3 տարի անց ամուսնացել են, իսկ 1998-ին ծնվել է նրանց առաջին դուստրը` Մալիյան, իսկ 2001-ին` Նատաշան, որին տանը Սաշա են կոչում.”Բարաքը երբեք ինձ շքեղ կյանք չի խոստացել, սակայն խոստացել է, որ այն հետաքրքիր կլինի: Իր խոսքը նա պահեց”:

Ինչպես են պատրաստվում նշել Միշել Օբամայի ծննդյան օրը հարազատներն ու մտերիմները, հայտնի չէ: Սակայն տեղեկություն կա, որ շաբաթ օրը Միշել Օբամայի պատվին ընդունելություն է կազմակերպվելու: Հրավիրյալներին առաջարկվել է նախապես ընթրել,  քանի որ նրանց ճաշկերույթ չի լինելու: Դրա փոխարեն խորհուրդ է տրվել հարմարավետ կոշիկ հագնել ու պարային շարժումներ  փորձել: Ըստ ամենայնի, ծրագրում պարեր են լինելու, ըստ ամենայնի` կենդանի երաժշտության  ու կատարողների մասնակցությամբ: Սպասվում է, որ ելույթ կունենա նաև Բեյոնսեն:

Անկախ

Tags: , ,