“Սաներին սովորեցնում ենք դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում, ընդհանուր ծանոթություն թատրոնի պատմության հետ, գրքերի և պիեսներ ընթերցոմ: Նրանք հիացած են հայ մշակույթի վառ ներկայացուցիչների աշխատանքով”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում արվեստի հանդեպ մանուկների սիրո մասին նշեց Նոր Նորքի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի թատերական բաժնի ուսուցիչ Վարազդատ Փանոյանը:
Թատերական այս խմբակը նոր է բացվել, բայց արդեն ծրագրեր կան ներկայացումներ բեմադրելու և պատանիների կազմն ավելի ընդլայնելու համար.
“Ուսուցումը երկուսից-չորս տարի է՝ աշակերտները 7-14, 14-17 եւ 17-ից բարձր տարիքայիններ են, իսկ նպատակն է հասարակության մեջ կրթել բանիմաց մադկանց: Միգուցե նրանցից ոչ մեկը դերասան չդառնա, բայց արվեստի հետ շփումը նրանց կսովորեցնի տեսնել գեղեցիկը, նրանք հասարակության համար պիտանի մարդիկ կլինեն”:
Վարազդատ Փանոյանի խոսքով ունեն չորս տարվա ուսումնական ծրագիր, իսկ ծրագրի ավարտից հետո սաները հնարավորություն կունենան ստեղծելու թատերական խաղացանկ եւ ներկայանալու հանդիսատեսին, ինչպես նաեւ փառատոններին մասնակցելու:
Մեզ հետ զրույցում թատերական բաժնի ուսուցիչը նշեց, որ ցավոք քչերն են գնահատում թատրոնի արժեքը, բայց կան շատ երեխաներ, որոնց համար թատրոնը դարձել է ապրելակերպ, պարապունքների մեծ սիրով և ոգեւորվածությամբ են գալիս, բաց չեն թողնում ոչ մի ներկայացում, ցուցահանդես, որեւիցե մշակութային միջոցառում.
“Նրանք մանուկ հասակից ցանկանում են մոտ գտնվել արվեստին: Այսօր նրանք են ապրում արվեստով, վաղն արվեստը կապրի նրանցով: Արվեստի դաշտն ազատ է, արվեստագետն ազատ է, չկան արգելքներ, այսօր բոլորն անում են այն ինչ ցանկանում են, ժամանակի ընթացքում վատը կմոռացվի, իսկ մնայուն արժեքները հիմք կունենան պատմության մեջ”:
Նրա համոզմամբ երիտասարդների համար դժվար է կայանալը, բայց դա ժամանակի խնդիր է, պետք է միշտ պայքարել հանուն նպատակի: Տեսնելով մեր շրջապատում գտնվող երիտասարդներին՝ կարծում է, որ նրանք կպահեն մեր նախնիների թողած ժառանգությունը և կավելացնեն միայն նորը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: թատրոն, Վարազդատ Փանոյան