Մարդիկ պետք է արթնանան իրենց խորը քնից. Ակտիվիստ

1545857_419400308191273_500181477_n«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին` մի վախեցեք դուրս գալ փողոց, մի վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները,  ովքեր անտարբեր չեն պետք է միանան մեզ ընդդեմ հակասահմանադրական օրենքի և հանուն Հայաստանի Հանրապետության»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց անդամ Դավիթ Մանուկյանը:
«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունն Ազատության Հրապարակում ժամանակ առ ժամանակ հավաք-երթեր է  անցկացնում:

Նախաձեռնության հավաքին են միացել նաև քաղաքական ոչ իշխանական չորս ուժեր՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», Բարգավաճ Հայաստան կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրեսը:

«Դեմ! եմ»-ի անդամները խիստ կարևորում են հատկապես հարթակից ներքև գտնվող քաղաքացու մասնակցությունն այն պայքարին, որն առնչվում է յուրաքանչյուրին և մտնում յուրաքանչյուրի ընտանիք:

Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի օրենքի կիրառության մասին. հնարավոր է լինի կասեցման որոշում մինչև մարտի 28-ին ՍԴ վարույթում օրենքի սահմանադրականության քննարկումը:

Օրեր առաջ բողոքի հերթական ակցիայի՝ ավտոերթի մասնակիցներից շատերը հեռախոսազանգով հրավիրվում են ոստիկանություն. նախաձեռնության անդամները խնդրում են քաղաքացիներին զգոն լինել, գրանցել հեռախոսահամարը, ձայնագրել հեռախոսազրույցը, քանի որ ոստիկանությունը հերքում է այս իրողությունը:

«Անհրաժեշտ է պայքարել հանուն ազատության, մարդիկ պետք է արթնանան իրենց խորը քնից, ժամանակն է եկել ազատ ու արդար ապրելու, մենք չենք ուզում հավերժ-գերի լինել»,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Անուշ Ներսիսյանը:

Նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ ակցիաները չեն դադարելու. եթե Սահմանադրական դատարանը չարդարացրեց սպասելիքները, քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավելի բուռն են լինելու և շարունակական:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,