ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձների հանձնման արարողություն Սիրիայում

              ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձների հանձնման արարողություն Սիրիայում  Հունվարի 19-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Դամասկոսի հայկական ուսումնական հաստատությունների ղեկավարներին փոխանցեց  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

                Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաուտյանը, թեմական և գավառական ժողովների ու միությունների ղեկավարներ, հոգաբարձուների խորհուրդների անդամներ և  դպրոցների տնօրեններ:

Հանդիսավոր պայմաններում դեսպան Արշակ Փոլադյանն ընթերցեց ՀՀ Նախագահի ուղերձը, ուր, ջերմորեն շնորհավորելով հայկական դպրոցների ուսուցչական կազմի ներկայացուցիչներին ու սաներին, համոզմունք է հայտնվում, որ բարեկամ Սիրիայում մոտ ապագայում կտիրի սպասված խաղաղությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը՝ ընդգծելով որ թե՛ Հայաստանը, և թե՛ համայն հայությունը աջակցում են և աջակցելու են սիրիահայերին` վերագտնելու խաղաղություն և պահպանելու իրենց օջախները:

Իրենց շնորհակալական ելույթներում Դամասկոսի հայկական դպրոցների ղեկավարներն ու հոգևոր հայրերը բարձր գնահատեցին ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը ծանր օրեր ապրող սիրիահայ գաղութի նկատմամբ և երախտագիտությամբ ընդունեցին ՀՀ Նախագահի կողմից ցուցաբերված դրամական օժանդակությունը:

Անկախ

Tags: , , , ,