Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ Ստամբուլում Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցին նվիրված հիշատակի քայլերթ տեղի ունեցավ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակից մինչև Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատուն: Թուրքական ոստիկանությունը սահմանված կարգով հսկել է քայլերթի ողջ ընթացքը: Երթը անցել է հանգիստ, առանց որևէ միջադեպի: Սակայն բոլորի ուշադրությունը գրավել է մի հետաքրքիր հանգամանք: Չնայած Ստամբուլում երեկ եղանակը բավականին տաք՝ 15 աստիճան է եղել, թուրք ոստիկանները ծառայության են դուրս եկել սպիտակ գլխարկներով: Առաջին հայացքից անմեղ թվացող այս
հանգամանքը բուռն քննարկումների պատճառ է դարձել: Բանն այն է, որ Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամաստը, սպանության օրը նույնսիսի սպիտակ գլխարկ էր կրում:
Թուրքական սոցիալական մեդիայում այս իրողությունը խիստ քննադատության արժանացավ: ԱԶ կուսակցությունից վերջերս հեռացած Էրթողրուլ Գյունեյը այս առիթով «Twitter»-ի իր էջում գրել էր. «Երբ Ստամբուլում 15 աստիճան է, ո՞վ է ոստիկաններին հրամայել սպիտակ գլխարկներ կրել Հրանտ Դինքի հիշատակի արարողությանը»:
Tags: թուրքիա, Հրանտ Դինք