Դադարեցրեք Բաքվում բնակիչների հարկադիր վտարումը. Human Rights Watch

Դադարեցրեք Բաքվում բնակիչների հարկադիր վտարումը. Human Rights WatchԱդրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Բաքվում հարկադիր վտարումները և բնակարանների քանդումը, այսօր հայտարարել է  միջազգային Human Rights Watch իրավապաշտապան կազմակերպությունը, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:

Ըստ իրավապաշտապան կազմակերպության՝ Բաքվի կենտրոնում այս շաբաթ բացվող “Ձմեռային այգին” հիմնվել է այն տարածքում, որտեղից վտարվել են հազարավոր բնակիչեր:

Իշխանությունները նախատեսում են “Ձմեռային այգում” մեկ շաբաթ միջոցառումներ իրականացնել, որոնք կնվիրվեն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակին:

HRW-ը անօրինական է համարում այս տարածքից բնակիչների հարկադիր վտարումը, բնակարանների քանդումը ոչ միայն այդ տարածքում , այլև Բաքվի այլ թաղամասերում, ինչը շարունակվում է արդեն մի քանի տարի:

Այս գործընթացը սկսվել է դեռևս 2009թ., երբ վտարվել են հազարավոր ընտանիքներ: Ոմանց իրենց բանակարաններից առանց զգուշացման հանել են գիշերը: Կառավարությունը բնակիչներին հրաժարվել է համարժեք փոխհատուցում տրամադրել:  Առաջարկել են վճարել 1500 մանաթ ($ 1900)  1մ²  համար, մինչդեռ իրական արժեքը 2500 մանաթ է:

2013թ. իշանությունները որոշել են ընդլայնել քանդվող բնակարանների տարածքը՝ ընդգրկելով “Ձմեռային այգում” չներառված հարակից փողոցները: Դա նշանակում է, որ մի շարք ընտանիքների կրկնակի վտարում է սպառնում:

2012թ. HRW նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անօրինական վտարման դադարեցման պահանջով, սակայն ինչպես այս, այնպես էլ 2011-ին ուղարկված նամակը մնացել է առանց պատասխանի:

Բաքվի կենտրոնում անշարժ գույքի խլումը և քանդումը ևս Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Tags: