ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի՝ կլոր շենքի քանդման հարցին: Նա հիշեցրեց, որ վարչապետը նախորդ տարվա վերջին նիստի ժամանակ առաջարկ էր հնչեցրել, ինչն ընդունելի է եղել նաև քաղավիացիայի գլխավոր վարչության և կոնցեսիոների կողմից. «Եթե մենք ունենք խնդիրներ պահպանման անհրաժեշտության և մշակութային տեսանկյունից, ապա փորձենք մի որևէ այգի կամ այգու նման մի վայրում հավաքել իրենց մակետները կամ չգիտեմ….ժամանցի վայր միգուցե դարձնել: Վարչապետի այդ խոսքը ես փոխանցել եմ նաև Էռնեկյանի թիմին, և իրենք դրական են ընդունել, բայց իրենք ժամանակ են խնդրել այս տարվա ընթացքում վերջնական տարբերակ ունենալու համար»:
Լրագրողները այնուամենայնիվ փորձեցին հստակեցնել՝ կլոր շենքը քանդվելո՞ւ է, թե ոչ:
Մովսեսյանը պարզաբանեց, որ կառավարությունը հաստատել է կոնցեսիոների մաստեր պլանը, որտեղ ներառված է նաև շենքը քանդելու հարցը. «Այսինքն, քանդում լինելու է, սակայն մենք դրան փոխարինող լուծումներ ենք փնտրում: Շենքի տեղափոխում էլ չի կարող լինել, դա ահռելի մեծ ծախսերի հետ է կապված, որը ոչ իրատեսական է: Ոչ մի կառավարիչ նմանատիպ ծախսեր իր վրա չի վերցնի»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների Մաստեր Պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած որ ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետների կողմից համարվում է արժեքավոր ժառանգություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:
Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը նույնպես Հանրային խորհրդի կողմից մասնակցում էր կառավարության նիստերին, «Անկախ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ նիստից առաջ Հանրային խորհուրդը վարչապետին է ներկայացրել նաև ՀԽ վերջին նիստի ընթացքում հնչած ճարտարապետների ուղերձը, որով ճարտարապետներն իրենց վրդովմունքն են հայտնում շենքը քանդելու մտադրության վերաբերյալ և կոչ անում ՀՀ նախագահին ու վարչապետին մերժել այդ առաջարկը, ինչպես նաև Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանի նամակը, որտեղ ներկայացված են կառույցի ճարտարապետական արժեքը հավաստող կարևոր փաստեր: Մասնավորապես Արևշատյանը գրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն արդեն կառուցման իսկ ընթացքում դարձել էր Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության նշանային կարևորագույն կառույցներից՝ ներառվելով խորհրդային մասնագիտական ճարտարապետական գրականության մեջ, արժանանալով ՀԽՍՀ պետական մրցանակի: «2012թ. այն ընդգրկված էր «Խորհրդային Մոդեռնիզմ / 1955-1991թթ. անհայտ պատմություններ» Վիեննայի Ճարտարապետական Կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում և Վիեննայի 19-րդ միջազգային ճարտարապետական կոնգրեսի ընթացքում ամենից շատ ակնարկվող ու շեշտադրվող կառույցներից էր: Նաև՝ 2013թ մայիսին, Ստամբուլում բացված «Trespassing Modernities» («Սահմաններ անցնող Արդիություններ»)՝ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված մեծածվալ ցուցահանդեսի էքսպոզիցիան սկսվում էր Զվարթնոց օդկայանի մանրակերտով: 2014-ին այդ ցուցահանդեսը հրավիրված է մասնակցելու Սան Պաուլոյի բիենալեին, Վիլնյուսի ճարտարապետության թանգարանի կողմից կազմակերպվող ցուցադրությանը, ինչպես նաև ներառվելու է Մոսկվայում կայանալիք Սովետական մոդեռնիզմին նվիրված ցուցահանդեսում: Բացի այդ, Զվարթնոց օդակայանի նախագիծը ներկայացվելու է 2014-ին կայանալիք «Վերագիտակցելով արդիությունները» խորագիրը կրող Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում, ինչպես գլխավոր ցուցադրության մեջ, այնպես էլ Հայաստանի ազգային տաղավարում: Վիեննայի 19-րդ կոնգրեսի ընդունած բանաձևը կոչ է անում անկախացած հետխորհրդային հանրապետությունների իշխանություններին դիտարկել Խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգությունը, որպես համաշխարհային մշակույթի անքակտելի մաս՝ ապահովելով նրանց պահպանումը, գիտական վերականգնումը և վերակառուցումը: Հայաստանի կառավարությունը արձագանքել է այդ բանաձևին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 15.01.2013 հ 01/15.1/187 նամակով, որում նշվում է, որ 1955-91թթ. ընթացքում կառուցված արժեքավոր ճարտարապետական կառույցների պահպանման, վերականգնման և վերակառուցման գործընթացը գտնվում է պետության և ՀՀ նախագահի հսկողության ներքո»,-նշված է նամակում:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:
Հանրային խորհուրդը բացասական որոշում էր կայացրել շենքի քանդման վերաբերյալ՝ դիմելով ՀՀ կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
Tags: «Զվարթնոց», Արտյոմ Մովսեսյան, Զվարթնոցի կլոր շենք, Էդուարդո Էռնեկյան, Հանրային խորհուրդ, Վազգեն Մանուկյան