Մոմավառություն` հայրենիքը պաշտպանելիս զոհված զինվորի հիշատակին

ԱրմենԱյսօր` ժամը 18:00-ին, Երևանի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր պատրաստվում են մոմավառություն իրականացնել ի հիշատակ հերոս հայորդու և կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ արարողությանը:

«Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին,- գրում է օգտատերերից Աշոտ Սարգսյանը:- Թող թշնամին իմանա, որ մենք` հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր Ձեզ հետ մեկական մոմ, ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին»:

Հիշեցնենք, որ  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանցիները միաժամանակ երկու դիվերսիոն գործողություն են իրականացրել, սակայն հայ դիրքապահ զինվորները հետ են մղել հակառակորդի հարձակումը: Փոխրհրաձգության հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արմեն Հովհաննիսյանը  հետմահու  պարգևատրվել է  «Արիության համար»  մեդալով:

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  հայտարարել է, որ 9  հայ զինվորներից կազմված ստորաբաժանումն է կասեցրել    Ադրբեջանական հատուկ ստորաբաժանման  30 հոգանոց երկու խմբերին:

Անկախ

Tags: ,