«Գազի վարձավճարների բարձրացման հետևանքով Հայաստանում ջերմոցային տնտեսությունները կրճատվում են»,-այսօր Մեդիա կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ նշեց Ջերմատնային ասոցիացիա ԳՀԿ տնօրեն Պողոս Գևորգյանը:
«Դեկտեմբեր ամսին ցանք է կատարվում, որ գարնանը վաճառեն։ Սերմերի վաճառքով հետաքրքրվեցի և տեղեկացա, որ 300 հազար հատ սերմ այս ցանքին պակաս է վաճառվել, իսկ դա նշանակում է, որ 12 հա ջերմատուն չի մշակվել»:
Կառավարությունը մի ձեռքով հավանություն է տալիս «ՀՀ գյուղացիական տնտեսություններում» ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին, մյուս կողմից՝ մերժում ոլորտի կայացման պատասխանատուների՝ շահառուների առաջարկները: Պողոս Գևորգյանը Գյուղնախարարության միջոցով բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել Կառավարությանը՝ ոլորտի զարգացմանն ուղղված, սակայն «հօգուտ ջերմատների զարգացման» առաջարկները համատարած մերժվել են: Առաջարկներից մեկն այն է եղել, որ իջեցվի գազի ավելի էժան սակագնի շեմը միջին ու փոքր ջերմատների համար մինչև 5.000 խ/մ. այն մերժվել է:
Ջերմոցային տնտեսությունները Հայաստանում ոչնչացման եզրին են: Գազի սակագնի բարձրացման հետևանքով անհնար է դարձել դրանց շահագործումը:
65-ամյա թոշակառու Ցոլակ Գասպարյանը, ում եկամտի աղբյուրն իր միակ բանջարաբոստանային կուլտուրան է մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն երկար ժամանակ է չի կարողանում հետեւել ու խնամել իր ջերմոցի բարիքներին: Գումար եւ պարտքով ուտելիք հարեւաններից է խնդրում, հույսը կորցրել է, կարծում է ոռոգման համար անհրաժեշտ միջոցներ չի ունենա: Գազի գինը բարձր է, իսկ բույսերը մրսում են, ժողովրդին խղճալ է պետք:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Գազի վարձավճարներ, ջերմոցային տնտեսություններ