Ամփոփվել են 2013 թվականին շինբարեկարգման, կոմունալ և բնապահպանական ոլորտների աշխատանքները և նախանշվել 2014-ի անելիքները

կամո արեյանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին,որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից  շինբարեկարգման, կոմունալ և բնապահպանական ոլորտներում իրականացված ծրագրերն ու ընթացիկ տարի նախանշված աշխատանքները: Հատկապես շինբարեկարգման բնագավառի համար 2013 թվականը աննախադեպ տարի է եղել: Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2.5 միլիոն քմ  տարածք, ինչը, ըստ Կամո Արեյանի, 6 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Նորոգվել են գլխավոր ու երկրորդական փողոցներ, բակային տարածքներ, նախկին գրունտային ճանապարհներ, մայթեր և այլն: Միայն 33 փողոցներ հիմնանորոգվել են: Սալապատվել են բազմաթիվ փողոցների մայթեր ու արահետներ, ինչպես նաև Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից և Շառլ Ազնավուրի հրապարակները: Քաղաքապետի առաջին տեղակալը հատկանշել է 2 խոշոր ճանապարհաշինական հանգույցների կառուցումը, որոնցից Ուլնեցի-Ռուբինյանց  2.3 կմ երկարությամբ ճանապարհահատվածն արդեն հանձնվել է շահագործման, իսկ 2.6 կմ երկարությամբ Իսակով- Լենինգրադյան արագընթաց մայրուղին շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում: Մի շարք փողոցներում թարմացվել կամ նորերով են փոխարինվել եզրաքարերը: Նախորդ տարի կառուցվել է 4 վերգետնյա անցում, ևս 7-ը կկառուվի 2014 թվականին: 2013թ.-ին 4-րդ կարգի վթարային, քանդման ենթակա շենքերի 226 ընտանիքներ  նոր բնակարաններ են ստացել Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեների նորակառույց շենքերից: Ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի: Գարնանից Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու նաև բակային տարածքների նորոգման ու կառուցման աշխատանքներին։ Այս տարի էլ, ինչպես 2013 թվականին, մայրաքաղաքում  400 և ավելի նոր բակ է շահագործման հանձնվելու։ 2013թ. կառուցված 19 ֆուտբոլի մինի դաշտերի թիվն այս տարի ևս կհամալրվի:

Ձևավորվել և շահագործման են հանձնվել  շուրջ 8 հա ընդհանուր մակերեսով  զբոսայգիներ ու հանգստյան գոտիներ, անցկացվել է 20.3 կմ ընդհանուր երկարությամբ ոռոգման նոր ցանց:  Կամո Արեյանը հատկանշել է, որ 2013 թվականը նաև բարենպաստ է եղել բնապահպանական ծրագրերի իրականացման առումով: Քաղաքի փողոցներին հարակից կանաչ գոտիները, այգիներն ու պուրակները համալրվել են 2.6 միլիոն ծաղիկներով, 50000 ծառերով և 16000 թփերով: Սիզամարգերի թիվն ավելացել է 3.2 հեկտարով: Նախկին սիզամարգերի վերականգնման ծավալն էլ կազմել է շուրջ 13 հեկտար:  Քաղաքապետի առաջին տեղակալը հավաստիացրել է, որ վերը նշած բոլոր  ուղղություններով 2014 – ին նախատեսվում է գերազանցել ցուցանիշները: Մասնավորապես, կվերականգնվեն Եռաբլուրի և <<Փարոսի>> բլրի անտառապատ տարածքները: 2013 թվականին շուրջ 77 կիլոմետրով  ավելացել է արտաքին լուսավորության համակարգը: Թվով 176 բակերի և 15 փողոցների հերթը կհասնի առաջիկա  ամիսներին: Զուգահեռաբար կիրականացվի թեքահարթակների կառուցման  ծավալուն ծրագիր` շուրջ 40 մլն դրամ արժողությամբ: Այդ նպատակով 2013 թվականին համայնքային բյուջեից առաջին անգամ տրամադրվել էր 20 մլն դրամ, որի շրջանակում կառուցվել է 96 թեքահարթակ, ընդ որում, այդ հարցում հաշվի են առնվել հենց շահառուների առաջարկները:

2013-ին իրականացված ծրագրերից Կամո Արեյանն առանձնացրել է նաև շուրջ 10100 շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման, 1300 շենքերի շքամուտքերի բարեկարգման, բազմաբնակարան մի շարք շենքերի արտաքին մաքրման, ինչպես նաեւ վթարային կախովի պատշգամբների վերականգնման աշխատանքները:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս ծրագիրը կշարունակվի նաև 2014 թվականին:

Քաղաքապետի առաջին տեղակալը նաև հավելել է, որ 2013 թվականին ամբողջովին լուծվել է թանգարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի տների  ու գրադարանների  ջեռուցման խնդիրը:  Իսկ առողջապահական հաստատությունների մասով էլ նշվել է, որ արդեն  նորոգվել են 2 մանկական պոլիկլինիկաներ: Եվս չորսում նմանատիպ ու նաև ջեռուցման անցկացման աշխատանքներ կիրականացվեն այս տարվա ընթացքում: Բացի այդ, նախորդ տարի նորոգվել են նաև 29 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, ևս 25-ն էլ կնորոգվի այս տարի:

Անկախ

 

 

 

Tags: , , , ,