Ի՞նչ է ուզում Ղուկասյանի որդին Բալասանյանից

վառդան-սամվելԴեռ կեսգիշերից հայաստանյան մամուլը տարածեց, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ մեքենաներով գնացել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ, այնտեղ հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել քաղաքապետի հասցեին:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է Սամվել Բալասանյանը գտնվում է ԱՄՆ-ում, այդ պահին ևս տանը չի եղել. Սամվել Բալասանյանը Հայաստան է վերադարձել առավոտյան: Տանեցիները չեն արձանքել երիտասարդներին:

Սակայն կատարվածը տեսագրել են Բալասանյանի տան մոտ տեղադրված տեսախցիկները: Կդիմի՞ արդյոք իրավապահ մարմիններին Սամվել Բալասանյանը, թե ոչ, քանի որ սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է իր նկատմամբ, մեր հարցի պատասխանը դեռ չենք ստացել քաղաքապետարանից: Ի դեպ, արդյո՞ք ոստիկանությունը որևէ բողոք ստացել է կամ գնու՞մ է մամուլի հրապարակումների հետքերով հարցերին ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ փոխանցեց, որ “դեռ ուսումնասիրում ենք: Առավոտյան նոր մի բան կլինի”:

Հավելենք, որ մեր ընթերցողներին լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք իմանալուն պես:

Իսկ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղարն այսպիսի հայտարարություն էր արել. “Սա արդեն նմանվում է հետապնդման: Շատ զազրելի է, երբ լրատվության ուշադրությունը շեղելու համար կարևոր խնդիրներից, փորձ է արվում շրջանառության մեջ դնել` վարկաբեկման մեթոդով, Վարդան Ղուկասյանի, նրա ընտանիքի անունը: Սա նպատակ ունի ուղղակի գցել Վարդան Ղուկասյանի հեղինակությունը գյումրեցիների աչքերում, զրոյի հավասարեցնել այն հսկայածավալ աշխատանքը, որ նա տարիներ շարունակ իրականացրել է Գյումրիում”:

Տեղի ունեցածի շուրջ հայտարարությամբ հանդես է եկել նաև Սամվել Բալասանյանը, որում մասնավորապես ասվում է. “Սիրելի գյումրեցիներ, Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ և շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին: Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք:
Վստահեցնում եմ Ձեզ , որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր , բայց պատվաբեր առաքելությունից: Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը: ”

Ավելացնենք, որ դեռևս պարզ չէ, իսկապե՞ս Սպարտակ Ղուկասյանն է եղել այդ երիտասարդների հետ, թե Ղուկասյանները որևէ առնչություն այս դեպքի հետ չունեն:

Անկախ

Tags: , ,