Ալիևն այլևս անհույս է…

images (1)

ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ներկայիս Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է, որի հետվերադարձը պատմական արդարության հաղթանակ կլինի:

Օգտատերը գրել է.

«Ակնհայտ է, որ մեր հարևան երկրի ղեկավար, նորահայտ բռնապետ կրտսեր Ալիևի բոլոր ախտերին արդեն ավելացավ եվս մեկը` անմեղսունակությունը: Սա այն դեպքն է, երբ մարդն ադեկվատ չէ իրավիճակին, խառնում ու նենգափոխում է փաստերը, աղավաղում ու խեղաթյուրում է իրականությունը, այլ կերպ ասած, ծայրաստիճան անլրջանում է, ում երբեմն կարելի է նույնիսկ խղճալ:

Այս պարագայում տրամաբանական հարց է ծագում. արդյոք պե՞տք է շարունակել երկխոսել արդեն անմեղսունակության շատ կոնկրետ համախտանիշով տառապող մեկի հետ, ով հայտարարում է, որ ներկայիս Հայաստանը Ադրբեջանի պատմական հողերն են: Պատասխանն այս պարագայում կարծում եմ` միանշանակ մերժողական պետք է լինի: Նրանք, ովքեր պնդելու են հակառակը, արդյոք կարո՞ղ են հիմնավորել, թե ինչի շուրջ պետք է շարունակվի երկխոսությունը: Այս դեպքում էլ կարող են լինել մարդիկ, ովքեր կհայտարարեն, թե իրականում այս կարգի հայտարարություններն ավելի շատ ներքին լսարանին են ուղղված և նմանօրիանակ այլ ժամանակավրեպ հիմնավորումներով կփորձեն «փափուկ բարձ դնել գլխներիս տակ», բայց դրանք ակնհայտորեն զուր ջանքեր են:

Իսկ, այնուամենայնիվ, նման հիվանդ երևակայության արգասիք հանդիսացող զառանցանքներով ինչի՞ է ուզում հասնել Ալիևը: Հարցը գնալով հռետորական է դառնում, քանի որ, գրեթե վստահ կարելի է լինել, որ ինքն էլ չի հասկանում իր ուզածը: Իսկ, գուցե ուզում է մեզ հավասարակշռությունից հանել և դրդել իռացիոնալ քայլերի՞, ո՞վ իմանա նման հոգեվիճակի մեջ գտնվող մարդկանց իրական ցանկությունների մասին…»:

 

Անկախ

Tags: , ,