Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Կուբան» մարզադաշտում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը։
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 38-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ թիմը 22-րդն է։ Սա երկու երկրների թիմերի միջև առաջին ընկերական հանդիպումն է:
Պաշտոնական մրցաշարերում հավաքականները հանդիպել են 4 անգամ: Եվրոպայի 2000-ի առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը երկու անգամ հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչներին՝ 3:0 և 2:0 հաշիվներով: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ Սանկտ Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել էինն ռուսները:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Մայնցում Հայաստանի հավաքականն ընկերական խաղում մրցելու է Գերմանիայի հավաքականի հետ:
Այս ամենը լավ է, բայց ցավալի է, որ Հայաստանի հավաքականը եորկար ժամանակ է գլխավոր մարզիչ չունի, իսկ թիմը միայն նա կարող է հավաքագրել:
Ի դեպ, շուտով կայանալու է Եվրոպայի առաջնության վիճակահանությունը: Փետրվարի 23-ին հայտնի են դառնալու Հայաստանի հավաքականի խմբային մրցաշարի մրցակիցները: Ստացվում է, որ առանց գլխավոր մարզչի մնացած Հայաստանի հավաքականը ընկերական խաղերի մրցակիցների է ընտրում:
Tags: Հայաստան-Ռուսաստան, Հայաստանի ֆուտբոլի հավաքական, սպորտ, ֆուտբոլ
